Պարզ համեմատություն: Վրաստանը չունի ատոմակայան և անգամ սեփական հիմնականում հիդրոէլեկտրակայաններով չի կարողանում ապահովել էլեկտրաէներգիայի ամբողջ պահանջարկը: Ուստի ներմուծում է էլեկտրաէներգիան Ռուսաստանից, Ադրբեջանից և Հայաստանից: Վրացական «ՀԷՑ»-ում կա երկու սեփականատեր: 75% փայը պատկանում է մեզ լավ ծանոթ Ինտեր Ռաո ԵԷՍ-ին, որը Հայաստանի ՀԷՑ-ի 100% սեփականատերն է: Մնացած 25%-ի սեփականատերը պետությունն է:

 


Վրաստանում հոսանքի սակագները տարբերակված են' ըստ ռեգիոնների և սպառողների: Թբիլիսում ավելի թանկ են վճարում, քան մյուս բնակավայրերում: Ձեռնարկություններն ավելի թանկ են վճարում, քան բնակիչները: Անգամ այն պարագայում, երբ Թբիլիսիի բնակիչները վճարում են մյուս բնակիչներից ավելի թանկ, Վրաստանի մայրաքաղաքում մեկ կիլովատ ժամը արժե մոտ 30 դրամ:

 


Պարզ տրամաբանություն է, որ ապրանք ներմուծելիս այն մինչև սպառողին հասնելը ավելի թանկ է հասնում: Եվ հոսանք արտահանող Հայաստանում, որն ունի ատոմակայան, ունի ՀԷԿ-եր ու ՋԷԿ-եր, լիովին ինքնաբավ է էլեկտրաէներգիայի առումով, հոսանքը ամբողջ բնակչության համար օգօստոսի մեկից կարժենա մոտ 49 դրամ, այսինքն' շատ ավելի թանկ, քան հոսանք ներմուծող Վրաստանում:
Որտե՞ղ է տրամաբանությունը: Իհարկե, կան որոշ գործոններ, որոնք տարբերվում են Հայաստանում և Վրաստանում: Վրաստանն, ի տարբերություն Հայաստանի, տարանցիկ երկիր է: Բայց բուն էներգահամակարգի առումով բովանդակային իմաստով Վրաստանը Հայաստանից լավ վիճակում չէ:

 


Պարզ է արդեն, որ ՀԷՑ-ի ու Հայաստանի պատկան մարմինների անարդյունավետ կառավարման արդյունքում խաղի կանոնները պետք է փոխվել, կառավարման մոդելը պետք է փոխվի: ՀԷՑ-ն ինքը խոստովանել է, որ անվճարունակ է, բանկերն իրեն պարտք չեն տալիս, կուտակել է լուրջ պարտքեր: Հոսանքի թանկացումը խնդիրը չի լուծի, քանի որ թանկացվել է արդեն 3 անգամ և վիճակն ավելի է վատացել: Խնդիրը ոլորտի կառավարման մեջ է:
Հոսանքը չթանկացնելը կնշանակի, որ կամ պետությունը պետք է փակի ՀԷՑ-ի պարտքերը, ինչը անհնար է, կամ ՀԷՑ-ը պետք է սնանկ հայտարարվի, ինչը տրամաբանական է:

 

 

Կամ էլ պետք է մոնոպոլիստը վաճառի իր 100% մասնաբաժնի մի մասը կամ կեսը կամ կեսից ավելին մեկ այլ ընկերության, քանի որ, ոնց հասկացանք, մեր պետությունն էլ է անվճարունակ:

 


Ամեն դեպքում 2002թ.-ին կոպիտ սխալներ են թույլ տրվել, երբ Հայաստանի 4 առանձին էլցանցերը միավորվեցին ու մենաշնորհի իրավունքով վաճառվեցին մեկ օտարերկրյա ընկերության: Գուցե ուշ չէ ուղղել սխալները: Հոսանքի թանկացման դեմ դուրս եկած ցուցարարներն իրականում իշխանության դաշնակիցներն են ոլորտը խելքի բերելու համար:
Մի բան պետք է ֆիքսել' զուտ հոսանքի թանկացմամբ ոլորտի խնդիրները չեն լուծվելու, խնդիրը կառավարման մոդելի ու սեփականատիրոջ մեջ է:

 

 

 

Տիգրան Խաչատրյան