Արդեն 4-րդ օրն է, ինչ Երևանում բողոքի անդադար ցույց է ընթանում՝ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ։ Ինչպես գիտեք, հավաքված ժողովուրդը պահանջում է, որպեսզի իշխանությունները կասեցնեն ու չեղյալ հայտարարեն ՀԾԿՀ կայացրած որոշումը, որով մենք բոլորս պետք է Օգոստոսի 1-ից 6.93 դրամով ավելի թանկ վճարենք մեր սպառած յուրաքանչյուր կիլովատի համար։
Ի՞նչ հեռանկարներ ունեն պայքարողները ու ի՞նչ հստակ քայլեր կարող են ձեռնարկել իշխանությունները՝ ստեղծված իրավիճակում։ Քննարկենք առանձին-առանձին։
Ցուցարարների մասով ամեն ինչ պարզ է. պետք է ամեն ինչ արվի, որպեսզի ցույցը շարունակի կրել խաղաղ ու ոչ քաղաքական բնույթ։ Դա պետք է հենց ալիքի հզորության համար, քանի որ այն պահից, երբ պահանջները քաղաքականան, միասնականությունը կխաթարվի այն պարզ պատճառով, որ փողոց են դուրս եկել ամենատարբեր քաղաքական հայացքների ու ճումաբարների հարող մարդիկ ու խմբեր, որոնք միանգամայն տարբեր պատկերացումներ ունեն, թե ինչ քաղաքական լուծումներ կարող են տրվել այս ամենին։ Բացի դրանից, պետք չէ մոռանալ, որ ցուցարարների թվում նաև քիչ չեն մարդիկ, ովքեր ապաքաղաքականացված հայացքների են հարում ու պարզապես չեն մասնակցի քաղաքական ընդվզման։
Իշխանությունների մասով ամեն ինչ ավելի բարդ է։ Բարդ է, որովհետև խնդրի լուծման պատասխանատվությունն այսպես թե այնպես իշխանությունների վրա է, ինչպես նաև հետևանքների հետ գործ ունենալը։ Ի՞նչ կարող են անել իշխանությունները ստեղծված իրավիճակում։ Շատերին թվում է, որ Սերժ Սարգսյանը միապետ է, ով բացարձակ իշխանություն ունի և կարող է մի հրամանով ասել, որ էլեկտրաէներգիան չի թանկանալու և վերջ։ Դա այդպես չէ։ Նախ, պետք է հասկանալ, որ սակագինը որոշողը ՀԾԿՀ-ն է՝ առնվազն ֆորմալ առումով ու ցանկացած պարագայում, ՀԾԿՀ-ն պետք է կրկին քննարկի ու կայացնի համապատասխան որոշում, որպեսզի գինը փոխվի։
Ստեղծված իրավիճակում, ամենաարդյունավետ ու «անարյուն» լուծումը հետևյալ շղթան է։
1. Պետք է անցկացվի ՀԾԿ-ի անկախ աուդիտ՝ հեղինակավոր աուդիտորական ընկերության կողմից։
2. Պետք է ստեղծվի վերահսկող հանձնաժողով, որի մեջ կներառվեն ինչպես իշխանության/ՀԷՑ-ի ներկայացուցիչներ, այնպես էլ անկախ փորձագետներ ու ցուցարարների կողմից դելեգացված փորփագետներ, որոնք կվերահսկեն այդ գործընթացը։
3. Աուդիտի ու վերահսկող հանձնաժողովի աշխատանքների արդյունքում, ամենայն հավանականությամբ բավարար հիմք կհանդիսանան ՀԷՑ-ն առնվազն սնանկ ճանաչելու, իսկ առավելագույնը՝ քրեական գործեր հարուցելու ու հարկ եղած դեպքում՝ ընկերությունը ազգայանացնելու։
4. Ազգայնացման, կամ սեփականատերի փոփոխության, կամ էլ ընկերության վերավարկավորման պարագայում, լինելու կարևոր նախապայման՝ էլեկտրաէներգիայի սակագինը առնվազն չպետք է թանկացվի ոչ մի պարագայում։
Եթե այս ամենն արվի, ապա հաորդ իսկ օրը ցույցը կավարտվի։ Եթե այս ամենը չարվի, ցույցը օր օրի ավելի մարդաշատ կդառնա ու նորանոր պահանջներ առաջ կգան ու որ ավելի վտանգավոր է իշխանությունների համար՝ գնալով կնվազի «փոքր զոհերի» գնով հարցին լուծում տալու հնարավորությունը։
Գոռ Սաղաթելյան