Ովքեր հետևում են իմ գրառումներին, շփվում ինձ հետ գիտեն իմ վերաբերմունքն էլեկտրոցանցերի, գազպրոմների, սակագների, պետական և այլ հիմնարկ- ձեռնարկություններում տիրող իրավիճակների վերաբերյալ:

 

Ողջունում եմ ակցիաները օրինականության սահմաններում և գտնում եմ, որ այդ գռփած «կորուստները» պետք է հատուցեն վերջին տասնամյակներին էլեկտրոցանցերի, Հայէներգոյի և մյուս օղակների ղեկավարները, պաշտոնատար պատասխանատու անձինք: Պետք է աճուրդի հանել նրանց դղյակները, թանկարժեք մեքենաների հավաքածուները, զվարճանքի և մյուս օբյեկտները…
Որկրամոլությամբ տառապողներին հաճախ նաև վիրահատում և ստամոքսում տեղադրում են հատուկ «դատչիկներ», որպեսզի նրա ճարպակալած ուղեղին ցուցում տա, որ հերիք է ուտես'կպայթես, կմեռնես…Հիմա մեզանում էլ է պետք նման «դատչիկներ» տեղադրել, ցավոք նաև այդ դատչիկները տեղադրողների, տրամադրողների վրա' շղթայական…

 

Իսկ ավելի ճիշտ ուղղակի պետք է օրենքներն աշխատեն, աշխատեն լիարժեք, բոլորի համար հավասար…Աշխատեն անսխալ ու անկաշառ…
Հիմա ոստիկանության հայտնի գործողությունների մասին…
Կրքերը կարծես մի փոքր հանդարտվեցին, ուստի կարելի է արտահայտվել, իսկ չասել չեմ կարող…
Միանգամից ասեմ, որ այն հիմնականում իրավաչափ էր, հանդուրժողական, համբերատար և պրոֆեսիոնալ…Թերացումներ, բացթողումներ կային, բայց որ բնագավառում չկա…Լրատվության բնագավառու՞մ չկա, լրագրողներն անթերի՞ են աշխատում…
Նախ, լրատվությունը պետք է լինի ոչ իշխանամետ և ոչ էլ ընդդիմադիր հայացքներով: Այն պետք է լինի անկողմնակալ, անկաշառ և օբյեկտիվ, պետք է զուտ «պատճենահանի» իրավիճակը, եզրակացությունները, գնահատականները թողնելով դիտորդին, լսողին, ընթերցողին…

 

Հետո, գուցե ի վերջո ժամանա՞կն է համապատասխան գրառումներով ժիլետներ կրել ինչպես բոլոր երկրներում, ու նման լարված իրավիճակները լուսաբանել ողջամիտ հեռավորությունից…Եթե հրդեհ եք լուսաբանում, հրշեջ խմբի աշխատանք, դուք իհարկե նրանց հետ չեք մտնում վառվող բնակարան, հրդեհի կիզակետ, այլ կանգնում եք ողջամիտ հեռավորության վրա: Այնպես որ, շատ դեպքերում ինքներդ եք գործում ոչ պրոֆեսիոնալ, տուրք տալով ձեր զգացմունքներին…
Իսկ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ուղղված շարժումը ողջունում եմ, սակայն այն ափսոս շատ հախուռն է, ինչպես գրեթե բոլոր շարժումները' անկազմակերպ, տարերային, առանց պայքարի կոնկրետ մարտավարության ու ծրագրի կամ քայլերի մշակված հերթականության…
Ինչևէ…Հաղթանակ եմ ցանկանում ու ողջախոհություն, և իհարկե իրավիճակի ճիշտ գնահատում բոլորիս…

 

Ռոբերտ Մելքոնյան