Միացյալ նահանգների դեսպանատան հայտարարությունը հոսանքի գների թանկացման դեմ երեկ տեղի ունեցած ցույցի և հետագա իրադարձությունների վերաբերյալ անսպասելիորեն զգուշավոր էր, և դա հասկանալի է:
Մինչև ուշ երեկո ամեն ինչ ընթանում էր կիրթ, հավասարակշռված, միմյանց նկատմամբ հարգանքով, ինչը չի վրիպել նաև ԱՄՆ դեսպանատան ուշադրությունից:

 

Նրանք նույնիսկ քաջալերող են դիտել ոստիկանների և ցուցարարների հարգալից վերաբերմունքը՝ շեշտելով,որ կողմերը փորձել են հարգել միմյանց իրավունքները զերծ մնալ լարվածության սրացումից:
Ամերիկյան դիվանագետներին անհանգստացրել են, սակայն, ցուցարարներին ցրելու ընթացքում անհամաչափ ուժի կիրառման, լրագրողների և նրանց սարքավորումների հետ կապված գործողությունները, և ակնկալում են, որ Կառավարությունը ամբողջական և թափանցիկ քննություն կանցկացնի ոստիկանության գործողությունների կապակցությամբ:

 


ԱՄՆ դեսպանատան՝ նման համեմատաբար մեղմ դիրքորոշումը պատահական չէ, եթե հիշենք վերջին շրջանում Միացյալ նահանգներում տեղի ունեցող շարունակական զանգվածային ցույցերն ու բռնությունները, որոնց արդյունքում ամերիկյան ոստիկանների կողմից արձանագրվել են հարյուրավոր սպանության դեպքեր, որոնց զոհ են դարձել հատկապես սևամորթ ցուցարարներ:
Հ.Գ. Հայաստանցի հայը Նյու-Յորքի բարձրակարգ խանութներից մեկում, վերնաշապիկը ցույց տալով, հարցնում է.
-Հաու՞ մաչ:
-500 դոլար,- պատասխանում է վաճառողը:
Հաու մաչ, հաու՞ մաչ,- հայավարի զարմանում է գնորդը:

 

Անի Սանոսյան