Այսպիսի մի կարևոր դիտարկում եմ ցանկանում անել՝ շարունակելով մի քանի օր առաջ արածարծածս միտքն այն մասին, որ արդար բողոքի այս ալիքը կարելի է տարատեսակ մանիպուլյացիաների ու տեխնոլոգիաների միջոցով կառուցել այնպես, որ դա հանգեցնի հայկական Մայդանի։

 

Շարունակելով զուգահեռներ անցկացնել Ուկրաինական Մայդանի հետ, ուզում եմ հիշեցնել, որ Մայդանն այնտեղ չէր լինի, եթե հատկապես սկզբնական էտապում բողոքային տրամադրություններ ամեն գնով չհրահրվեին հենց իշխանությունների կողմից ու մասնավորապես՝ ոստիկանության ասիմետրիկ գործողությունների ձևով։
Հայաստանն իհարկե Ուկրաինա չէ, բայց անհրաժեշտ է հասկանալ, որ եթե Ոստիկանությունը չսթափվի ու չգործի այնպես, ինչպես գործում էր ցույցը ցրելու վերջում, եթե ազքատ չարձակվեն բերման ենթարկվածները ու կտրուկ չկասեցվեն բռնությունները՝ լրագրողների հանդեպ, ապա այդ երևույթներին ուղիղ համեմատական աճելու է փողոց դուրս եկողների ու նրանց վճռականության սանդղակը և արդյունքում՝ բռնությունը բռնություն է ծնելու և որքան ավելի շատ բռնություն կիրառվի մարդկանց հանդեպ, այնքան կշատանան մարդիկ, ովքեր պատրաստ են ռիսկի գնալու՝ այդ բռնության ենթարկվելու։

 

Հարգելի Ոստիկանություն, դադարեցրեք Հայաստանի տարբեր քաղաքներում մարդկանց բերման ենթարկելը, դադարեցրեք բռնությունները լրագրողների նկատմամբ և ազատ արձակեք բերման ենթարկվածներին։ Այսպես իրավիճակը չի շտկվի, իսկ ճգնաժամն ավելի կխորանա։

 

Գոռ Սաղաթելյան