Այս գիշեր Երևանում տեղի ուեցած իրադարձությունների մասին միջազգային մամուլի հրապարակումներին եմ հետևում և վտանգավոր տենդենց նկատեցի: Պարզվում է՝ ուկրաինական և ռուսական որոշ լրատվամիջոցներ տեղեկատվական պատերազմ են սկսել Հայաստանի «ինֆորմացիոն» դաշտում: Առաջինները փորձում են Մայդան «կառուցել» այստեղ (անգամ ցույցերին արդեն անուն են տվել՝ Тарифный Майдан), երկրորդները՝ զսպել հակառուսական տրամադրությունների հնարավոր աճը: Պետք է միայն տեսնեք, թե տարբեր սոցիալական ցանցերում ոնց են փորձում մեզ ներքաշել իրենց՝ արդեն իսկ լիարժեք ընթացք ստացած թշնամությանը: Դե ադրբեջանցիներն էլ, բնականաբար, կողքից կրակի վրա յուղ լցնող են աշխատում:
Ստեղծված իրավիճակն առանձնահատուկ լրջություն և ուշադրություն է պահանջում: Չի կարելի թույլ տալ, որ ուկրաինացիները, ռուսները և չգիտեմ թե էլ ովքեր կարողանան ներազդել բողոքի ելած հայ քաղաքացիների ուղեղի ու գործունեության վրա: Այս հարցում բոլորս շատ անելիքներ ունենք ու զգոնության կոչ եմ անում: Մեր խնդիրները մեզ լիովին բավարար են, օտարների սադրանքները հնարավորինս շուտ կանխել է պետք:
Հրանտ Մելիք-Շահնազարյան