Իրանում հիջաբ կրելու հարցը շարունակում է մնալ հասարակական քննարկումների գլխավոր թեման, ինչի վկայությունն է Facebook-ում այն խմբի հաջողությունը, որն իրանցի կանանց առաջարկում է սոցցանցում իրենց լուսանկարները տեղադրել՝ առանց հիջաբի:
Խումբը 2014 թվականի մայիսին հիմնել է իրանցի լրագրողուհի Մասի Ալինեջադը, ով այդ ժամանակ բնակվում էր Լոնդոնում: «Իմ թաքնված ազատությունը» շարժման ֆեյսբուքյան խումբը մեկ տարում արդեն ունի 830.000 անդամ: Այս Խումբը ստեղծելու գաղափարն այն է, որ բոլոր ցանկացողները կարողանան խմբում իրենց լուսանկարները հրապարակել առանց հիջաբի, քանի որ դա նրանց համար լսելի լինելու միակ միջոցն է:
Հիշեցնենք, որ շուրջ 35 տարի առաջ Իրանում իրականացված Իսլամական հեղափոխությունից հետո կանանց արգելվել է տունը լքել առանց հիջաբի: Օրենքի խախտումը պատժվում է տուգանքով, մտրակի հարվածներով, նույնիսկ ազատազրկմամբ: