Երեկ Հայաստանի համար կարծես թե «հերթական» պատմական օրն էր: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջապես կայացրեց այդքան չսպասված որոշումը և բոլոր անդամները միաձայն քվեարկեցին էլէներգիայի թանկացման համար: Սա անշուշտ, դեռ մեծ «բում» է առաջացնելու Հայստանում: Արդեն բազմիցս քննարկվել էր այս խնդիրը թե պետական ատյաններում, և թե հասարակական, քաղաքացիական շրջանակներում:

 

Բայց ինչպես ասում են' ունենք այն, ինչ ունենք: Սակայն մի բան փաստ է, որ այս ոլորտում իրոք թալան եղել է ու կա: Դա հաստատեց նաև ՀԾԿՀ-ի կողմից ՀԷՑ-ի ներկայացրած «պահանջի լրիվ չբավարարումը»: Այսինքն' տեսականորեն պետական հանձնաժողովը նույնպես համաձայնվեց դրա հետ, որ ներկայացված սակագինը ուռճացված էր(խոսքը 17 դրամի մասին է): Խնդրի մեղմացման համար պետությունն էլ պատրաստակամություն է հայտնել առավելապես խոցելի խավի համար, այսպես ասած, վաուչերային քաղաքականություն վարել' սուբսիդավորելով նրանց:
Հաշվարկները ցույց են տալիս, որ ՀԷՑ-ը տարեկան մատակարարում է մոտ 5-5.3 մլն կՎտժ էլէներգիա: Անգամ այս թանկացումը նշանակում է, որ ՀԷՑ-ը տարեկան կտրվածքով կստանա հավելյալ մոտավոր 35 մլրդ դրամ: Փաստորեն ստացվում է' այս պայմաններում ՀԷՑ-ը տարեկան այս գումարը լրացուցիչ կստանա, պարզապես ոչինչ չանելով և չփոխելով:

 

Բայց, վերադառնանք նորից խնդրի ակունքներին:
Յուրաքանչյուր մարդ, որպես մենեջմենթի ոլորտը մի փոքր «տիրապետող», շատ լավ հասկանում է, որ կառավարել նշանակում է նաև վերահսկել, իսկ երբ այդ վերահսկումը բացակայում է, միանշանակ է խնդիրների առաջացումը: Թերևս պետական մարմինների «մեղքը» այստեղ ակնհայտ է: Եվ այս ամենի արդյունքում որպես տուժող լինում է ոչ թե մենակ քաղաքացին, այլ նաև նույն պետությունը: Ինչու՞ պետական բյուջեից ծախսերը գնալու են դեպի Բիբինի «իշխանության» հետևանքով առաջացած խնդիրների մեղմացման համար, չէ որ մենք բազմաթիվ այլ խնդիրներ ունենք, որ այդ նույն միջոցները կարող են ինչ որ չափով, ասենք, որևէ համայնքում «կայանքը աշխուժացնել» կամ ինչ որ պետական սեկտորի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնել:
Իսկապես սա վիշտ է: Հասարակ քաղաքացին, բնակիչը, ով ամեն ամիս պատասխանատվությամբ վճարել, կատարել է իր կոմունալ «հարկային» վճարները չպետք է անգամ մի լումա ավել վճարի չասենք ռուսական, բայց «բիբինական վատ մենեջմենթի» համար: Օրինակ, շենքի բնակիչը, ով ամեն առավոտ դեռ լույսը չբացված «վազում» է այս կամ այն կողմ' որպիսի գոյատևի, «հետ չմնա» կողքի շենքի բնակիչներից, կամ նույն գյուղացին, ով արևի լուսաբացը դիմավորում է դաշտում կամ անասնագոմում պետք է իրենց այդ «վազքից» մի հատել անհիմն տոկոս հատկացնեն «կալվածատիրո՞ջը»:

 

Ու դեռ ավելին, այսքանից հետո սրտներումս վախ կա, «նրանք» նաև սպառնացել են' կարող է և մնանք «մթության» մեջ: Այո, սա ոչ այլ ինչ է, քան «վիշտ»:

 

Աշոտ Ծորմուտյան