Պետության կողմից առաջարկվող նոր հարկման ձևաչափը դժգոհություններ է առաջացրել ոսկեգործությամբ զբաղվող տնտեսվարողների որոշ շրջանակներում: Այլ կերպ ասած, նրանք բողոքում են 35000 դրամ հաստատագրված վճարից և ցանկանում են վճարել 1% շրջհարկ, այն էլ առանց փաստաթղթաշրջանառության:
Եկեք փորձենք վերլուծել.
Տնտեսվարողները բողոքում են վճարման ձևաչափից' պատճառաբանելով, որ առևտուրը շատ քիչ է: Վերջիններս պնդում են, որ իրենց առաջարկած 1% շրջարկի դեպքում 35000 դրամ վճարելու են 3,5 միլիոն շրջանառության դեպքում, ինչն էլ այժմյա առևտրի պայմաններում շատ հեռու է իրականությունից:
Կարծում եմ' ոչ մեկի համար գաղտնիք չէ այն, որ տնտեսության միջին ակտիվության պայմաններում ոսկեգործության ոլորտում 3,5 միլիոնի շրջանառությունը, եթե ոչ բոլորի, ապա մեծամասնության համար միջինից ցածր թիվ է կազմում: Այսինքն 1% շրջհարկի պայմաններում նրանք 35000-ի փոխարեն վճարելու են 50 հազար և ավելի գումար:
Ստացվում է, որ ոսկեգործությամբ զբաղվողները բողոքում են հարկի չափից և պահանջում են օրենքի փոփոխություն' ելնելով շուկայում տիրող իրավիճակից: Այս համոզմամբ առաջնորդվելու դեպքում չի բացառվում, որ շուկայի կարգավորումից հետո էլ նրանք կսկսեն բողոքել շրջհարկից և կրկին կպահանջեն օրենքի փոփոխություն' անցում կատարել հաստատագրված վճարի:
Արման Ղարիբյան