Հայաստանը մեկն է այն 94 երկրներից, որի քաղաքացիները կարող են մեկ տարվա ընթացքում առանց մուտքի արտոնագրի գտնվել Վրաստանում: Վրաստանի կառավարության հրապարակած ցուցակում տեղ գտած երկրներից բացի' որոշումը տարածվում է նաև ՄԱԿ-ի անձնագրեր ունեցող անձանց վրա:
Ինչպես հայտնի է' նախորդ տարվա սեպտեմբերից սկսած մի շարք պետությունների քաղաքացիներ 180 օրվա ընթացքում Վրաստանում կարող էին գտնվել ընդամենը 90 օր, ինչը դժգոհության առիթ էր դարձել:
Այն դժգոհության ալիք էր բարձրացրել նաև ջավախքցիների շրջանում, ովքեր, այլ երկրներում աշխատելու պատճառով կամ այլ հանգամանքներով, փոխել էին իրենց քաղաքացիությունը:
Վրաստանի կառավարության որոշման շնորհիվ լուծվեց նաև մեր հայրենակիցներին անհանգստացնող հարցը: Վրաստանի կառավարության այս որոշումը հարկ է դիտարկել նաև հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակի համատեքստում:
Բոլորն են հիշում, որ վերջերս' ՀՀ-ի և Հարավային Օսիայի ԱԺ նախագահների հանդիպումից հետո, փորձ արվեց ներկայացնել, թե իբր հայ-վրացական հարաբերություններում խնդիրներ կան: Թյուրիմացությունը կարճ ժամանակ անց հարթվեց, մասնավորապես, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի' Վրաստան կատարած այցի արդյունքում:
Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ վրացի գործընկերոջ հետ: Հանդիպման ժամանակ պաշտոնյաները քննարկեցին երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող մի շարք հարցեր:
Եվ այժմ պատահական չէ, որ հարևան երկրի կառավարությունը Հայաստանը ներառել է իր ցուցակում' ևս մեկ անգամ ապացուցելով, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Այս որոշումը վկայում է նաև, որ եթե անգամ ինչ-որ պահի հայ-վրացական հարաբերություններում թյուրիմացության արդյունքում անհասկանալի հարցեր են եղել, ապա այս պահին դրանք լիարժեք լուծված են:
Կարեն Մկոյան