Երկաթուղային հաղորդակցությունը ժամանակակից աշխարհի տրանսպորտային հաղորդակցության գլխավոր միջոցներից մեկն է, ավելին՝ շատ հաճախ երկաթուղիների առկայությունն ունի ստրատեգիական նշանակություն և կարող է կատարել տարածարջանային հաղորդակցության զարկերակի դեր:
Նույնպիսի դեր կարող է ստանձնել Իրան-Հայաստան երկաթուղին, որը հնարավորություն է տալիս երկաթուղային միջանցքով կապել ոչ միայն Իրանը և Հայաստանը, այլ նաև Իրանն ու Վրաստանը: Ի դեպ՝ երկաթուղու կառուցումից հետո այն կարող է առավել ընդգրկուն դերակատարություն ստանձնել՝ կապելով Ռուսաստանը Իրանի հետ, այլ կերպ ասած ԵՏՄ երկրներին՝ Իրանի հետ: Իսկ եթե ավելի հեռուն նայենք, ապա այն կարող է դառնալ «Մեծ մետաքսի ճանապարհի» բաղկացուցիչ մասը՝ ամենակարճ երկաթուղային ուղով կապելով Ասիան Կենտրոնական Եվրոպայի հետ:

 

Կարող ենք նշել որ երկաթուղու ռազմավարական կարևոր նշանակությունից բացի, այն կարող է լինել բեռների փոխադրման ավելի էժան և հարմարավետ միջոց:
Նշենք, որ Իրան-Հայաստան երկաթգծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը արդեն պատրաստ է: Երկաթուղին պետք է անցնի Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզով: Նախագծի մեկնարկի մասին հայտարարվել է դեռևս 2013թ.-ի սկսզբին: Իրան-Հայաստան երկաթգծի երկարությունը կկազմի մոտ 300 կմ, այն բաղկացած կլինի 64 կամուրջներից, 60 թունելներից և կունենա 27 կայաններ:
Նախագծի արժեքը կազմելու է 3.2 միլիարդ դոլար: Ծրագրի կյանքի կոչման դեպքում տարեկան այդ ճանապարհի բեռնվածությունը կկազմի 15-18 միլիոն տոննա բեռ և այդպիսի ծավալների դեպքում նախագիծը կլինի արդյունավետ:

 

Գագարին կայանից (ՀՀ Գեղարքունիքի մարզ) մինչև Ագարակ (Սյունիքի մարզ) երթուղով բեռնափոխադրումների ծավալը կկազմի տարեկան 25 մլն տոննա։
Ինչ վերաբերում է նախագծի հատուցվողականությանը, ապա, հաշվարկները ցույց են տալիս, որ երկաթուղու' տարեկան նույնիսկ 15-18 մլն տոննա առավելագույն բեռնվածության դեպքում այն կարող է բավականին փոխհատուցելի լինել։ Ինչ վերաբերում է երկաթուղու ուղևորափոխադրմանը, ապա այն կարող է ունենալ 1.2 մլն-ի կարգի ուղևորափոխադրման մակարդակ:
Այսպիսով այն մոտավոր վերլուծությունները և հաշվարկները, թե երկաթուղու կառուցումը փոխհատուցելի չէ, և չափազանց ծախսատար է և աննպատակահարմար, թերի են: Այս առումով հատկանշական է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի հայտարարությունը, թե Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախագիծը զուրկ է արդյունավետությունից և համապատասխանաբար նաև հեռանկարներից: Նա Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը նույնիսկ համեմատել է պատուհանի հետ, որը բացվում է դեպի հարևանի տան պատը:

 

Սակայն փաստենք, որ հենց նույն Վլադիմիր Յակունինն ուղիղ մեկ տարի առաջ Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը «բավականին արդիական» հարց է:
Վ. Յակունինի վերջին հայտարարությունը խոսում է միայն այն մասին, որ նա անլուրջ և անսկզբունքային մոտեցում է ցուցաբերում հեռանկարային երկաթուղային նախագծի նկատմամբ: Իսկ այդպիսի մոտեցումը ունեցող պաշտոնյայի պաշտոնավարումը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի պաշտոնում դառնում է աննպատակահարմար, քանի որ նոր երկաթուղային միջանցքի կառուցման խոչնդոտումը չի բխում առաջին հերթին հենց ռուսական երկաթուղային ընկերության շահերից:

 

Նարեկ Պողոսյան