Տարածաշրջանի 300-ամյա ստրատեգիական ճանապարհը վերականգնվում է
Լոռու սարահարթն ունենալով ռելիեֆային բավականին լուրջ կտրվածքներ ու լանդշաֆտային դասավորվածություն, կոմունիկատիվ առումով բավականին խոցելի է: Օձուն գյուղից դեպի Ստեփանավան քաղաքի տարածաշրջանի գյուղերը միացնող ստրատեգիական և ռազմական նշանակություն ունեցող այլընտրանքային ճանապարհը, որը 300-ամյա վաղեմություն ունի' որպես այդպիսին բառացիորեն գոյություն չուներ:

 

Այս առումով այդ տարածաշրջանի բնակչության համար բավականին մեծ, ուղղակի կենսական նշանակություն ունի նշված ճանապարհի հիմնական վերանորոգման գործընթացը, որն արդեն մեկնարկել է:
Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության հավաստմամբ' մարզի Ագարակ-Օձուն Մ-6 ճանապարհի վերանորոգման աշխատանքերը իրականացնելու համար 3,5 միլիարդ դրամ է հատկացվել Համաշխարհային բանկի ծրագրով: Ճանապարհի վերանորոգման գումարի 20 տոկոսը վճարվելու է պետբյուջեից: Ագարակ-Օձուն ճանպարհի վերանորոգումը կարեւոր նշանակություն ունի ճանապարհամերձ Ագարակ, Յաղդան, Կողես, Օձուն, Այգեհատ, Մղարթ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Արևածագ, Արդվի գյուղերի զարգացման համար:

 

Ճանապարհի վերանորոգումից հետո գյուղացիների գյուղատնտեսական մթերքները հանրապետության շուկաներ տեղափոխելու լայն հնարավորություն է բացվելու: Վերանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 28,2կմ է, աշխատանքերն իրականացվելու են 2015-2016 թվականներին:
Ծրագրով վերանորոգվելու են մայրուղին հարակից գյուղերի հետ կապող ու գյուղամիջյան ճանապարհները, այդ թվում' Արևածագ-Ծաթեր-Կարմիր-Աղեկ համայնքերի 8կմ և Արդվի-Մղարթ համայնքերի 3,5կմ հատվածները:
Ագարակ-Օձուն-Մ-6 ավտոճանապարհը նախատեսվում է վերանորոգել խճային հիմքով և միաշերտ ասֆալտբետոնե 5սմ ծածկով: Մայրուղուց մինչև գյուղ տանող ճանապարհները կվերանորոգվեն ավազակոպճային և ցեմենտե միասեռ խառնուրդով, իսկ գյուղամիջյան ճանապարհները' ասֆալտբետոնե ծածկով: Ագարակ-Օձուն ճանապարհահատվածում Ագարակի կողմից մինչ Մղարթ գյուղ իրականացվել է ճանապարհի հողային և ջրահեռացման կանավների կառուցման աշխատանքեր:
Օձունցիների դաշտերի մեծ մասը գյուղից գտնվում են շուրջ 10 կմ հեռավորության վրա: Մինչհամայնքային անբարեկարգ ճանապարհի պատճառով շատերը այստեղ տարիներ շարունակ չեն մշակել իրենց վարելահողերը, որն ուղղակի ազդեցություն ունի գյուղացու առօրյա կենսամակարդակի անկման վրա:
Ամփոփելով ընդգծենք, որ արդեն իսկ նախատեսված է 2016 թվականին վերանորոգման նպատակով փակել Վանաձոր-Բագրատաշեն հիմնական ճանապարհը, և Օձուն-Ստեփանավան ճանապարհը դառնալու է միջպետական ճանապարհ: Դա նույնպես մեծ աշխուժություն կմտցնի Օձունի և մյուս գյուղերի կյանքում:
Օձունցիներն արդեն վերանորոգվող ճանապարհաեզրերին մեծ թափով կառուցում են առևտրի և սպասարկաման այլ օբյեկտներ' փորձելով վերանորոգվող ճանապարհը ծառայեցնել համայնքի զարգացմանը և իրենց կենսամակարդակի բարձրացմանը:


Արմեն Հովասափյան