Ըստ տարածված կարծիքի, անկանխատեսելիությունը համարվում է իրանական քաղաքական համակարգի գլխավոր առանձնահատկություններից մեկը: Սակայն վերոնշյալ պնդումը բնավ չի համապատասխանում իրականությանը, քանի որ այս տեսակետին հարողներն այն քաղաքական գործիչներն ու պետություններն են, որոնք, հիմնակամում, հակաիրանական քաղաքականություն են վարում:
Իրականում, չի կարելի չնկատել, որ Իրանի արտաքին քաղաքականությունն իրականացվում է տրամաբանորեն մտածված և նախապես ծրագրված քայլերի հաջորդականությամբ' արտաքին քաղաքականությունն իրականացնելիս առաջնահերթությունը տալով տնտեսության արդիականացմանը և զարգացմանը:
2015 թվականին, հասկանալի պատճառներով, Իրանի արտաքին քաղաքականությունն իրականացնելիս ավելի մեծ տեղ է հատկացվում և շարունակում է հատկացվել տնտեսական գործոնին' ինչն արդեն իսկ կարճ ժամանակահատվածում հասցրել է նկատելի դառնալ: Իհարկե, պետք է շեշտել, որ այս քաղաքականությունը չի իրականացվում միայն համաշխարհային տնտեսության մեջ իրանական (և ոչ միայն) նավթի գնի անկումից հետո:
Իրանի ղեկավարության կողմից ընդունված մի շարք միջոցառումներ' դոտացիաների կրճատում, որոշ հարկերի ավելացում և ազգային արժույթի իջեցումը, միանշանակ, կարող են մեղմել էներգակիրների գների նվազման հետևանքով երկրի տնտեսությանը հասցված վնասները:
Տնտեսության վերականգնմանն ուղղված վերոնշյալ քայլերը, նավթի գների անկումից հետո, դրական ազդեցություն կարող են ունենալ երկրի տնտեսության վերականգնման գործում: Չնայած ձեռնարկված միջոցառումներին, փորձագետներն, ամեն դեպքում, պնդում են, որ նույնիսկ պատժամիջոցների վերացումից հետո, Իրանը, մինչև 2016 թվականը չի կարող վերադառնալ նավթի արտահանման նախկին մակարդակին:
Հարկ է նկատել, որ իրանական նավթի' միջազգային նավթային շուկա վերադառնալու և նախկին ծավալներով սպառման համար դեռ երկար ժամանակ կպահանջվի: Ե’վ պատժամիջոցների վերացման, և’ միջազգային նավթային շուկա նավթի արտահանման խնդիրը կլուծվի միայն այն ժամանակ, երբ «վեցնյակի» բանակցությունների արդյունքում կողմերը վերջնական հայտարարի կգան:
Նարե Սարգսյան