Մայրաքաղաքի Բեկնազարյան փողոցի առանձնատներից մեկում երեկ կատարված ահավոր դեպքի մասին լուրն արագորեն տարածվեց համացանցային լրատվամիջոցներով:
Ըստ տարածված տեղեկատվության, երեկ՝ ժամը 11.28-ին, ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները վերելակից դուրս են բերել 5 տարեկան աղջնակին: Ըստ ՏԿԱԻՆ կայքի տեղեկատվության, վերելակի խցիկը գտնվելիս է եղել 2-րդ եւ 3-րդ հարկերի միջակայքում: Վերելակի խցիկում են եղել նաեւ 7 տարեկան տղա երեխա եւ դայակը:
Ավաղ, 5-ամյա աղջնակի կյանքը փրկել չի հաջողվել, նա մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Այս սարսափելի դեպքի վերաբերյալ երեկ որոշ պարզաբանումներ է տվել ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
Մասնավորապես panorama.am-ին հայտնել է, որ դեպքը ոչ թե բազմաբնակարան շենքում է տեղի ունեցել, այլ եռահարկ առանձնատանը: Տվյալ վերելակը եղել է առանց դռների: Այսինքն՝ երեխայի գլուխը (պարանոցը) ոչ թե դռների արանքում է մնացել, այլ վերելակի կոնստրուկցիաների:
Ցանկացած պարագայում, այս դժբախտության հետ կապված բազմաթիվ մանրամասներ դեռ անհայտ են ու, թերեւս, հստակ պատասխաններ կլինեն փորձաքննությունից, ինչպես նաեւ իրավապահների քննությունից հետո: Իսկ հարցեր իսկապես կան:
Նախ՝ ի՞նչ կարգի կամ տեսակի վերելակ է մոնտաժված եղել տվյալ առանձնատանը, արդյոք դրա շահագործումը թույլատրվա՞ծ է եղել, արդյոք տվյալ վերելակի շահագործումն ու վիճակը համապատասխան կարգով ստուգվե՞լ են:
Բնականաբար հարցեր կլինեն նաեւ դայակին: Ամեն դեպքում 5 եւ 7 տարեկան երեխաների հետ նա մենակ է եղել: Եվ ո՞վ կարող է ասել, որ կատարված դժբախտությունը ոչ թե վերելակի անսարքության, այլ դայակի անուշադրության կամ անփութության հետեւանք չէ: Կրկնենք. սրանք հարցեր են, որոնք, կարծում ենք, կստանան սպառիչ պատասխաններ՝ անխուսափելիորեն իրականացվելիք քննության արդյունքում:
Եվ չնայած ողբերգությունը կատարվել է սեփական առանձնատանը, տեղի ունեցածը երեկ շատերին ցնցելուց բացի նաեւ մտահոգվելու լրացուցիչ առիթ տվեց: Իսկապես էլ՝ մտահոգվելու լուրջ պատճառներ կան: Այսինքն՝ ի՞նչ «մտահոգվել», եթե ավելի տեղին է անհանգստանալը:
Պատճառն ակներեւ է. Հայաստանում, մայրաքաղաքում եւ այլ քաղաքներում շահագործվող հազարավոր վերելակները, մեղմ ասած, հնամաշ են: Դրանց հետ իրենց հնամաշությամբ չեն կարող մրցել անգամ խարխուլ «Գազել» միկրոավտոբուսները, որ հասարակական փոխադրամիջոցի դեր են կատարում:
Կոնկրետ վերելակային տնտեսությունը հիմնովին նոր մոտեցումների կարիք է զգում, եւ՝ արդեն վաղուց: Ամեն մի դժբախտ պատահարից հետո, իհարկե, այս բոլոր խոսակցությունները շրջանառվում են, բայց ընդհանուր իրավիճակը կարծես նկատելի փոփոխության չի ենթարկվում:
Ճիշտ է (եւ դա կհաստատեն բարձրահարկ բազմաբնակարան շենքերի բնակիչները), ամեն ամիս մարդիկ վերելակի ծախսած էլեկտրաէներգիայի վարձավճարից բացի նաեւ սպասարկման համար են որոշակի գումար մուծում:
Ճիշտ է, բազմաթիվ շենքերում կարծես գտել են ինչ-որ մի տարբերակ՝ վերելակների շարունակական վերանորոգման, այս կամ այն մաշված մասը կամ հանգույցը փոխելու համար: Ավելին, օրինակ, անցյալ տարի վերելակների հիմնանորոգման համար Երեւանի քաղաքային բյուջեից մոտ 98 միլիոն դրամ է հատկացվել:
Բայց այդ ամենը մի տեսակ չի փարատում եղած մտահոգությունները:
Այստեղ, կարծում ենք, համալիր ծրագիր է հարկավոր իրականացնել: Ամենից առաջ թերեւս հարկ է «գույքագրել» առկա իրավիճակը, պարզել արդեն իրենց սպառած, կամ տեխնիկապես այդ սպառման սահմանագծին գտնվող վերելակների քանակը, պարզել՝ առհասարակ դրանցից քանիսը դեռ կարելի է շահագործել, եւ որ մասը արդեն վերջնականապես «դուրս գրել»:
Ըստ այդմ, արժե գնալ ոչ թե զուտ շարունակական նորոգումների ու վերանորոգումների ճանապարհով, այլ փորձել թեկուզ փուլ առ փուլ արմատական լուծում տալ խնդրին՝ նոր, ժամանակակից, ավելի անվտանգ վերելակներ մոնտաժելու տարբերակով: Հակառակ պարագայում, ժամանակ առ ժամանակ վերելակների հետ կապված նման դժբախտություններ տեղի են ունենալու:
Նմանապես կարծում ենք, որ ամենեւին ավելորդ չի լինի որոշակի քարոզչական աշխատանքը: Մի կողմից, այն էլ մեր այս լուսավորյալ համարվող, արագ ինտերնետի ու Wi-Fi-ի ժամանակներում, մի խոսքով՝ 21-րդ դարում կարող է թվալ, թե դրա կարիքը չկա: Բայց շատ ու շատ վերելակների վիճակը հուշում է, որ այնուամենայնիվ, բնակիչների շրջանում անհրաժեշտ է բացատրական աշխատանքներ տանել:
Մի խոսքով, լուրջ ու գործնական հետեւություններ է պետք անել:
Ի միջի այլոց, այս տարիներին նաեւ շատ ու շատ անհատներ են իրենց տներում կամ «օբյեկտներում» վերելակներ տեղադրել: Կատարվածից հետո, կարծում ենք, այդ սեգմենտն էլ պետք է եւս մեկ անգամ ստուգվի:
Արմեն Հակոբյան