Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործունեությանը վերջերս շատ են անդրադառնում: Վերջինիս հասցեին հնչում են տարբեր մեղադրանքներ, սակայն դա բնական է, քանզի գործ ունենք մթերքի անվտանգության հետ, որն օգտագործում ենք ամեն օր և այն վերահսկող կառույցի անտարբերությունն էլ ավելի է խորացնում մտավախությունները: Անդրադառնանք անտարբերության դրսևորումներից մեկին' ծառայությունը գործում է փակ, չի համագործացում և անտարբեր է հանրության բողոքների նկատմամբ:

 

ՍԱՊԾ «համագործակցության պատրաստակամությանն է» անդրադարձել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն: Կաթի մթերման գնի խնդրի վերաբերյալ վելուծության մեջ նշվում է, որ համագործակցության կոչ անող կառույցը, առանց առերես լսելու ընդդիմախոսների կարծիքն ու հիմնավորումները, իր' «փորձ է արվում կապել» հեգնական ոճով ուղղակի ապացուցում է, որ անգամ չի հասկանում, որ չի հասկացել այն, ինչ հրապարակել է:
Օրեր առաջ ՍԱՊԾ համագործացության պատրաստակամությանն էր անդրադարձել նաև «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը, նշելով, որ լինելով սննդի պետական ծառայության խորհրդի անդամ՝ նույնիսկ իրեն չհաջողվեց սննդի պետական ծառայությունից լիարժեք ինֆորմացիա ստանալ՝ ովքե՞ր էին, ի վերջո, մանկապարտեզներին սնունդ մատակարարողները: Հասարակությունը չպետք է անտեղյակ մնա, իսկ դա նշանակում է, որ ծառայությունում անտերություն է:

 

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն էլ, խոսելով կաթի փոշու խնդրի մասին, նշել է, որ հայկական արտադրության կաթնամթերքի մեծ մասի վրա կաթի փոշու առկայության մասին կա՛մ որևէ նշում չկա, կա՛մ էլ պարզ չէ, թե բաղադրության քանի տոկոսն է անարատ կաթից և քանիսը՝ փոշուց։ Պանրի դեպքում, որը սպառողը հիմնականում ձեռք է բերում կտորներով, ընդհանրապես մակնշում չի երևում, մինչդեռ այդ ամենը կարգավորվում է օրենքով, որը սակայն չի վերահսկվում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից, և որ բազմիցս բարձրաձայնում է խնդրի մասին, սակայն լսող չկա:
Ստացվում է, որ ՍԱՊԾ ոչ կառոցողական մոտեցումը տարածվում է նաև ոլորտում երկար տարիների փորձ ունեցող անձանց և կազմակերպությունների վրա:

 

Եվ այսքանից հետո ՍԱՊԾ ինքն իրեն կարողանում է թույլ տալ խոսել համագործակցությունից կամ համագործակցության պատրասկամությունից… Բայց միայն խոսել: Վաղուց արդեն ժամանակն է վերանայել այս մոտեցումը: Հակառակ պարագայում էլ ավելի կխորանա հանրային վստահությունը, ինչն ուղղակի սթրեսածին է, որն էլ իր հերթին վտանգում է մեր առողջությունը

 

Գոռ Գևորգյան