Բոլորովին վերջերս կառավարությունը աննախադեպ որոշում ընդունեց, հնարավորություն ստեղծելով կառուցապատողից բնակարան գնելու կամ սեփական անհատական բնակարան կառուցելու դեպքում հիպոթեքային վարկի տոկոսները մարել աշխատողի սոցիալական վճարների գումարի հաշվին:
Իսկ ահա կառավարության նախորդ նիստում քննարկվել և հավանություն է տրվել օրենսդրական նախագծերի մի փաթեթի, որով ներդրվելու է «կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք» հասկացողությունը:
Գաղտնիք չէ, որ կառուցապատվող շենքերից բնակարան գնելը հաճախ ռիսկային է և քիչ չեն դեպքերը, երբ անբարեխիղճ կառուցապատողը նույն բնակարանը վաճառում է մի քանի մարդկանց:
Արդյունքում ֆինանսապես և բարոյապես տուժում են անմեղ քաղաքացիները, դժգոհությունների ու արդարացի բողոքի ալիք է բարձրանում, դատական քաշքշուկների տեղիք տալիս:

 

Օրենսդրական նոր փոփոխությունների արդյունքում՝
կապահովվի նոր կառուցվող շենքերի և շինությունների նկատմամբ կնքվող գործարքների գրանցման հստակությունը:
վերահսկողության համատեղ մեխանիզմներ կսահմանվեն բանկի, գանձապետարանի, նոտարների միջոցով,
կապահովվի կառուցապատողների կողմից իրենց պարտավորությունների հստակ կատարումը,
բնակարան ձեռք բերողները նախնական նշման ինստիտուտի ներդրման շնորհիվ կապահովագրվեն հնարավոր չարաշահումներից:

 

Հուսանք, որ կառավարության այս քայլերի արդյունքում կներդրվի անշարժ գույք ձեռք բերելու նոր, ապահով մեխանիզմ և մեր քաղաքացիները կազատվեն դատական քաշքշուկներից:

 

Անի Սանոսյան