Մինչև Ցեղասպանությունը հայկական մշակույթն ու երաժշտությունը քչից-շատից կային. Կոմիտաս կար, եկեղեցիներ կային, ժողովրդական երաժշտության ավանդույթ ու պահանջարկ կար։ Հետո եղավ Ջարդը ու շատ բաներ կորան, իսկ Սովետական Հայաստանում էլ առանձնապես շեշտը չէր դրվում հենց ազգային երաժշտության զարգացման վրա, չնայած, որ առանձնապես խոչընդոտներ էլ չէին ստեղծվում։
Հետո աշխարհը սկսեց փոքրանալ, մարդիկ ավելի ու ավելի շատ սկսեցին հաղորդակցվել համաշխարհային մշակույթի հետ, ինչը ինքնին վատ չէ, բայց վատ է, երբ ասենք Մոցարտին ու Բեթհովենին զուգահեռ, չես կարող լսել Կոմիտաս, լավ է, երբ Արամ Խաչատրյան ու Առնո Բաբաջանյան ես ունենում, բայց վատ է, որ իրենք Սովետական երաժշտություն են ստեղծում միայն, այլ ոչ ազգային։ Ու էդպես էլ եկանք հասանք Անկախ Հայաստան՝ կիսամոռացված ազգային երաժշտությունով, այլայլված ճաշակով ու ժառանգությամբ և կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ։
Ու դրա համար էլ, վերջին 20 տարիներին հայկական երաժշտություն ասելիս մարդիկ սկսեցին պատկերացնել ինչ որ ռաբիս, կամ էլ անցումների տակ հնչող թուրքա-արաբական կլկլոց, իսկ Կոմիստասը, ժողովրդական երգն ու երաժշտությունը մնացին միայն Կոնսերվատորիայի պատերի ներսում և մելոմանների հավաքածուներում։
Բայց որ բանը հասնում ա մեծ-մեծ փրթելուն, սկում են. մեր Կոմիտասը՜, մեր ազգային էսը՜, մեր ազգային էնը՜, իսկ պետք է ինչ որ բան ցույց տալ, ասենք էլեմենտար բան՝ յութուբով ինչ որ ազգային երաժշտության, կամ էլ ինչի չէ՝ նույն Կոմիտասի գործերից մեկի կատարման նմուշ՝ խնդրի առաջ ես կանգնում, որովհետև ցանցում ոչ առանձնապես ռեպերտուար կա, ոչ ընտրություն, ոչ էլ որակ։ Բայց հլա փորձի ասենք Վաչե Ամարյան յութուբում փնտրել, կամ էլ ասենք Խատուբա՝ մի աշխարհ արդյունք կբերի։
Ու հետո էլ գանգատվում ենք, որ աշխարհում մեզ մենակ Ցեղասպանության ու կոնյակի համար են ճանաչում։ Հեն ա, ես եմ ու ուզում եմ Սասնա ինչ որ երգ լսել, կամ էլ փորփրել, տեսնել հայ ազգային ժողովրդական երաժշտության որ ճյուղն է իմ սրտով... որտե՞ղ փնտրեմ։ Հո չե՞մ գնալու սիմֆոնիկ նվագախմբին պատվիրեմ որ հերթով նվագեն։
Ու էս առումով շատ լավ նախաձեռնություն ա արել Արթուր Ջանիբեկյանը, ում մտահաղացումից ծագած «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը հիմա իրականացնում է «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագիրը, որի իմաստը հենց նրանում է, որ ընտրվել են շուրջ 600 հենց հայկական, հենց ազգային-ժողովրդական, կամ էլ՝ հոգևոր երգեր ու նվագներ և հիմա պրոֆեսիոնալ մակարդակով ձայնագրվում են ու թվայնացված տարբերակով հասանելի են լինելու համացանցում, ինչի համար շնորհակալ ենք։
Ամենևին չեմ ծայրահեղացնում ու ասում, որ վե՛րջ, սրանից հետո էլ ոչ մի Բիյոնսե ու Լեդի Գագա, ոչ մի Թաթուլ ու Լիլիթ Հովհաննիսյան, մենակ Գուսան Շերամ, Կոմիտաս ու եկեղեցկան երգեր պետք է լսեն մարդիկ, բայց համենայն դեպս, հիմա ում հետաքրքիր է ու հաճելի, ունի այդ հնարավորությունը տնից նստած իր ուզած ազգային երգն ու երաժշտությունը լսելու, իսկ երբ արտասահամանում լինի, կամ էլ արտասահամանցի հյուր ունենա ու կարիք լինի գլուխ գովալու ու ներակայցնելու Մերը՝ խնդրեմ, գուգլն ի օգնություն և խնդիրը լուծված է։
Մի խոսքով, ապրեն կազմակերպիչները, բարի, կարևոր ու ապագային միտված քայլ եք անում։
Գուրգեն Վարոսյան