Իր ս.թ. մայիսի 27- ի նիստում կառավարությունն ընդունեց մի հիմնարար որոշում, որի նշանակությունը մեր երկրի համար դժվար է գերագնահատել։ Նիստում հավանության արժանացան «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը»։ Տարեցտարի ավելի ու ավելի նկատելի դարձող անապատացման երևույթները ստիպում են ձևակերպել առաջացած հիմնախնդիրները և միջազգային կառույցների հետ համատեղ փնտրել ու գտնել դրանց լուծման ուղիները։ Ռազմավարությունն ու ծրագիրը մշակել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ և Համաշխարհային բանկի աջակցությամբ։ Անապատացման, հողի դեգրադացման և երաշտի հետևանքները վառ արտահայտված են աղքատ գյուղական շրջաններում։ Այս խնդիրներին է առնչվում աշխարհի ավելի քան 110 երկիր։ Մոտ 1,5 միլիարդ մարդ ուղղակի կախվածություն ունի չորային հողերից։
Հայաստանի տարածքում նույնպես անապատացման գործոնները բաժանվում են երկու խմբի՝ բնական և մարդածին։ Բնական գործոններից են երաշտը, խորշակը, խոնավության պակասը, ռելիեֆի մասնատվածությունը, սողանքը, սելավը և այլն։ Մարդածին են քաղաքաշինական գործունեությունը բարդ տարածքներում, գյուղատնտեսությունը, երբ խախտվում են վարի կանոնները, ոռոգման և դրենաժի ցանցերի խափանումը, ապօրինի անտառահատումը և այլն։
Փաստաթղթի հեղինակները նշել են անապատացման դեմ պայքարի ռազմավարության հետևյալ առաջնահերթությունները՝ օրենսդրության կատարելագործում, հողերի կառավարման արդյունավետության մեծացում, հասարակության իրազեկության ավելացում, համատեղ աշխատանք Ռիոյի կոնվենցիաների շրջանակներում և միջազգային համագործակցություն։
Մեծածավալ այս աշխատանքի ֆինանսավորման աղբյուրներն են, իհարկե, ՀՀ պետբյուջեն, գործարարների, հիմնադրամների, ոչ կառավարական և այլ կազմակերպությունների ներդրումները, միջազգային աղբյուրները։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ մեր երկիրը անապատացման դեմ պայքարի առաջին քայլերն է անում, և միջազգային աջակցությունը պարզապես անհրաժեշտ է։ Վերը նշված ծրագիրն իրոք պրոֆեսիոնալ փաստաթուղթ է և դրա պահանջների իրականացումը՝ ժամանակի հրամայականը։
Լիլիա Գրիգորյան