Երեկ նկատեցի նախարար Դ.Հարությունյանի միտքը ՀԷՑ-ի՝ իր շահույթի հաշվին թանկարժեք մեքենա գնելու թույլտատրելի լինելու մասին: Կարծես թե այն տեսականորեն՝ իրավական տեսակետից ճշգրիտ պնդում է, սակայն սխալ է ըստ էության, որովհետև բնական մենաշնորհի տեր ընկերությունը, այն էլ ռուսական պետական սեփականությամբ (իսկ մենք գիտենք, թե ինչ է նշանակում ռուսական որևէ բան մեր երկրում) չպիտի ունենա այնքան շահույթ, որ իրեն թույլ տա, ասենք, «Լեքսուս» գնել:

 

Որովհետև նրա շահույթի հիմքը ոչ թե իր տնտեսական ճիշտ կամ սխալ քաղաքականությունն է, այլ սպառողներին պետականորեն պարտադրված սակագինը: Եվ ըստ այդմ պետք է դիտարկվեն թե՛ նրա ծախսերը և թե՛ եկամուտները, ընդ որում դիտարկվեն հենց ներքին աուդիտի կողմից, որը պետք է ունենա դրսից հրավիրված անդամներ (չեմ նայել՝ օրենքը նման բան թույլատրում է, թե ոչ, սակայն եթե չի թույլատրում՝ պետք է փոխել օրենքը, որպեսզի այն լինի իրականությանը ադեկվատ):

 

Դրսեցիները կարող է լինեն թե՛ պետական կարգավորման կամ վերահսկիչ մարմիններից և թե՛ քաղաքացիական շարժումներից/նախաձեռնություններից և կամ կազմակերպություններից: Եթե նման բան իրականացվի, ապա դժվար թե ՀԷՑ-ը իրեն թույլ տա այսօրվա նման շռայլություններ...

 

Վախթանգ Սիրադեղյան