ԵՄ-ում կամ ամնեզիա ունեն, կամ էլ փորձում են Հռոմի Պապուց ավելի կաթոլիկ ձևանալ։ Համենայն դեպս, այլ որակում չի կարելի տալ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի կողմից արած հայտարարությանը, որում նույն այն մարդը, ով անցած տարի, երբ Հայաստանը երկու կես էր լինում ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև, կատեգորիկ հայտարարում էր, որ Հայաստանը պետք է ընտրություն անի և ընտրի կա՛մ ԵՄ-ն էլ չէ, այլ ԵՄ-ի հետ ասոցացումը, կամ էլ ԵՏՄ-ին անդամակցությունը, այսօր արդեն ասում է հետևյալը. «Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը չի խոչընդոտի ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը»։

 

Սա կոչվում է պոլիտիկանություն ու ԵՄ-ում գոնե կարող էին հոգ տանել, որ ԵՄ-ի անունից նման հայտարարություն աներ մեկը, ով գոնե տրամագծորեն հակառակ կարծիք չէր հայտնում դեռ ամիսներ առաջ։ Ճիշտն ասած, կարծում եմ այս հայտարարությունն առհասարակ ժամանակավրեպ է, քանի որ արդեն իսկ ակնհայտ է, որ Հայաստանը ԵՄ-ի համար այլևս կորցրած հանարավորություն է, քանի որ բացի նրանից, որ արդեն ԵՏՄ անդամ ենք, նաև արդեն կարող են տեսնել ու ըստ արժանավույնս գնահատել ԵՄ-ի ասոցացման պոտենցիալ և պրակտիկ արդյունքները։

 

Ինչպես նշել է ինքը՝ Հրիսթեան, անցած տարում ասոցացվեցին Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ Եթե մի կողմ դնենք Ուկրաինան՝ սպեցիֆիկ ներքաղաքական իրավիճակի պատճառով, ապա տակկը մնում են Վրաստանն ու Մոլդովան և հարց է առաջանում, թե ինչո՞ւ Հին Վասյուկին այդպես էլ ոչ մի միտում ցույց չի տալիս Նյու Մոսկվա դառնալու։ Սա իհարկե չի նշանակում, որ ԵՏՄ-ն միանշանակ լավն էր, իսկ ԵՄ-ի հետ ասոցացումը՝ միանշանակ վատը, բայց հարցը ակտուալ է. խոստացված մանանայի փոխարեն, թե՛ Վրաստանը, թե՛ Ուկրաինան, թե՛ մենք առայժմ միայն կոմբիկեր ենք ստանում։

 

Ինչևէ, այս կոնկրետ դրվագից հերթական անգամ երևում է, թե ինչ անլրջությամբ են ԵՄ-ում մոտենում Հայաստանին և կարծում եմ, որ նման հայտարարությունների հիմքում ընկած է միմյայն Հայաստանը ու հայաստանյան հասարակությանը մանիպուլացնելու և ինչ որ վարդագույն հեռանկարների պատրանքներ ստեղծելու քաղականն պահանջմունքները։ Չեմ կարծում, որ Տրայան Հրիսթեան ու ԵՄ-ն՝ առհասարակ, նոր են ականջալուր լինում, որ Հայաստանը հենց այդ դիրքորոշման էր ամիսներ առաջ, որ ԵՏՄ-ին անդամակցությունը չի բացառում ՀՀ-ի ու ԵՄ-ի հարաբերություններին, բայց այն ժամանակ մեզ չոր ընտրության առջև կանգնեցրին ու որ ամենահատկանշականն է՝ առանձնապես չպայքարեցին էլ մեր համար։ Հարց է առաջանում, թե ի՞նչն է փոխվել Եվրոպայի համար՝ մեր հարցում։

 

Գոռ Սաղաթելյան