Ինչպես հայտնի է, մի քանի ակտիվիստներ մայիսի 27-ի երեկոյան նախաձեռնել են հանրահավաք Ազատության հրապարակում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: Հաշվի առնելով, որ այդ ակտիվիստները որևէ կուսակցության չեն պատկանում և հանրահավաքն էլ նախաձեռնում են զուտ որպես անհատ քաղաքացիներ, նման միջոցառումը միանշանակ դրական է գնահատվում շատ-շատերի կողմից, որովհետև այն արտահայտում է ժողովրդի շահերը և իհարկե դժվար թե գտնվի երկրում մի ողջամիտ մարդ, ով կողմ կլինի էլեկտրաէներգիայի թանկացմանը:

 

Եթե ամեն ինչ իսկապես շարժվեր այս սցենարով՝ իդեալական կլիներ, բայց, ցավոք, պետք է նշել, որ այդպես չէ, ավելի շուտ՝ չեն թողնում, որ այդպես լինի: Իսկ չթողնողներն արդեն վաղուց հեղինակությունից, վարկանիշից զրկված ու քաղաքական դիակների վերածված, սակայն ընդդիմության մենաշնորհը ատամներով պահող նախկինում իշխանություն եղած և երկիրը թալանած ՀՀՇ-ի՝ ՀԱԿ կոչվող շարունակությունը, որոնք այսօր կրկին ինքնահաստատվելու և այլոց պայքարն ու հաջողություններն իրենցով անելու, դրանք իրենց վերագրելու առիթներ են փնտրում:

 

Եվ ահա կա առիթը՝ սոցիալական դժգոհություն, որը բերում է ինքնաբուխ հանրահավաքի և այդ մարդիկ կգան հանուն իրենց իրավունքների պաշտպանության, այլ ոչ թե հանուն ինչ-որ քաղաքական ուժի, որը իրականում միայն նեղ խմբակային խնդիրներ է փորձում լուծել: Կարծես թե պատրաստի զանգված է, որին ընդամենը կարելի է փորձել մի փոքր խաբել, շեղել ուշադրությունը և սեփական նպատակների ու ծրագրերի համար օգտագործել մարդկանց արդարացի դժգոհությունը: ՀԱԿ-ը արդեն անցել է գործի՝ առայժմ ոչ բացահայտ: Վերջին օրերին ՀԱԿ-ի ակտիվիստները քաղաքացիական ակտիվիստների հետ միասին թռուցիկներ էին բաժանում մայիսի 27-ի հանրահավաքի մասին: Բացի այդ, Երևանի հանրահավաքին զուգահեռ մի քանի քաղաքներում՝ Գյումրի, Վանաձոր, Սիսիան, Մեծամոր և այլն, նույնպես լինելու են հանրահավաքներ, որոնց կազմակերպիչներն արդեն ՀԱԿ-ից են, բայց նրանք նույնպես դա բացահայտ չեն ասում, այլ «տակից» են գործում:
Ընդհանրապես ՀԱԿ-ը դեռ ամեն ինչ տակից է անում և նպատակ ունի այս շարժումն իրենով անել՝ դրանով իսկ իրենց հետագա գոյությունն ապահովելու, իրենց փիառը անելու և այդպիսով 2017թ. ընտրություններին նախապատրաստվելու համար:

 

Հետադարձ հայացք նետելով ՀԱԿ-ի անցած քաղաքական կենսագրության վրա և լավ իմանալաով նրանց որդեգրած մարտավարությունը, կարելի է վստահ ասել, որ ՀԱԿ-ը դեռ կլինի դիտորդի դերում և հարմար պահին ետնաբեմից դուրս կթռնի հրապարակ:

 

Այստեղ, իհարկե, կա մի վտանգ հենց քաղաքացիական ակտիվիստների համար. եթե բողոքին միացած ժողովուրդը իմանա, որ այս ամենի հետևում կա նաև ՀԱԿ-ը, ապա շատերը կհիասթափվեն և հետ կկանգնեն: Այդպիսով, ՀԱԿ-ը կարող է փչացնել և վիժեցնել հերթական՝ իսկապես առողջ գաղափարը: Ուստի հանրահավաքը նախաձեռնող քաղաքացիական ակտիվիստներին կոչ ենք անում զգոն լինել և հնարավորինս թույլ չտալ, որպեսզի ՀԱԿ-ը փորձի իրենց օգտագործել: Հորդորում ենք հիշել, որ ՀԱԿ-ը ցանկացած պրոցեսի մեջ երբևէ մտնելով տապալել է այն: Բավական է հիշել ընդդիմադիր եռյակի տխուր վերջաբանը, որը միգուցե այլ ճակատագիր ունենար, եթե նրանց շարքում չլիներ տխրահռչակ ՀԱԿ-ը:

 

Սարգիս Բալյան