Ամիսներ առաջ գործադիր մարմնի նախաձեռնությամբ տեղի ունեցան հիփոթեքայի վարկավորման առնչվող օրենսդրական փոփոխություններ: Դրա նպատակն էր թեթևացնել քաղաքացիների բեռը՝ վարկի վճարման հարցում: Եթե ավելի մանրամասն, ապա այդ փոփոխությամբ բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար ստացված հիպոթեկային վարկի սպասարկման տոկոսներն, ըստ էության, վճարում է պետությունը' տվյալ անձի եկամտային հարկից: Այսինքն հիպոթեկային վարկ ձեռք բերող քաղաքացու եկամտային հարկը պետական բյուջե ուղղվելու փոխարեն ծառայում է կոնկրետ տվյալ անձին' մարելով նրա տոկոսների գումարը:

 

Նախաձեռնությունը լավն էր, սակայն տեղեկատվական տեսանկյունից հանրությանը ոչ մատչելի:
Կառավարության նիստում, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քաղաքացիներից ահազանգեր է ստանում' այդ գործընթացը բավական բարդ, մեխանիզմների' ոչ այնքան հասկանալի լինելու մասին, ինչը խոչընդոտներ է ստեղծում օրենքի ընձեռած հնարավորությունից օգտվողների համար:
Այդ հարցի լուծման նպատակով վարչապետը հանձնարարեց ֆինանսների նախարարությանը կարճ ժամկետում ուսումնասիրել հարցը և առավելագույնս պարզեցնել այդ գործընթացի մեխանիզմները:
Արդեն իսկ իրավական ուժի մեջ մտած փոփոխությունը ոչ միայն խրախուսում է
քաղաքացիների կողմից մատչելի պայմաններով բնակարանի ձեռք բերումը, այլ նաև նպաստում շինարարության ոլորտի աշխուժացմանը:

 

Հիպոթեկային վարկավորման տոկոսների մարման այս նոր կարգը տարածվում է Հայաստանում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերող կամ բնակելի տուն կառուցող' եկամտային հարկ վճարող համարվող քաղաքացիների վրա:

 

Այդ նպատակով վերջիններս համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացնեն իրենց բնակության վայրի տարածքային հարկային մարմնին: Սահմանված կարգով նախատեսված են բոլոր այն փաստաթղթերը, որ պետք է ներկայացնի համապատասխան կառույցներին քաղաքացին' վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ, գրավադրված գույքի սեփականության վկայական, հանրային ծառայությունների համարանիշ, բանկային հաշվեհամար, բանկի կողմից տրամադրված տեղեկանք, կառուցապատողի կողմից տեղեկանք եւ այլն:
Ամենայն հավանականությամբ, այս փաստասթղեերի ներկայացման կամ ձեւակերպման հետ են առնչվում դժգոհությունները, որի հետեւանքով դժվարություններ են առաջանում այս հնարավորությունից օգտվելու համար: Դրանց պարզեցվելու եւ առավել հասկանալի դարձնելու մասին էր վարչապետի հանձնարարությունը, ըստ որի տվյալ գործընթացը պետք է հանրությանը ներկայացվի ավելի պարզ և մատչելի ձևով:

 

Արմեն Վարդանյան