Դու ժպտացիր ու վարդ բացվեց Քո լուսաշող քնքուշ դեմքին,

Ես ի՞նչ երգեմ, իմ թագուհի, որ ուշք դարձնես իմ տաղին,
Իմ արնավառ սիրտը սիրտը տանջված, որ աչքերիդ լույսով հարբել,
Դարձել է բորբ ու հրավառ, Քո պատկերի անհույս գերին:

Քո վարդաթերթ շուրթերը նուրբ, ծաղիկներին բույր են տվել,
Ատամներդ մարգարտաշար, իմ աչքերի քունն են տարել,
Ճակատդ բաց՝ արձակ մտքի արարատյան վսեմ բարձունք,
Որ ամբարած ունի հավերժ հայ մայրերի աղոթքը սուրբ:

Աչքերդ՝ հույս, աչքերդ՝ լույս, զույգ ադամանդ լուսնի վրա,
Նրանց անհուն անդունդներում մտքիս թելն է անհույս կորել,
Տիեզերքի հեռուներում դեգերում եմ պապակ սրտով,
Ա՛խ, ու՞ր է թե մի օր հանկարծ Քո առվակի հունը գտնեմ:

Ոչ Սևակն եմ, ոչ՝ Չարենցը, ոչ էլ՝ Վարպետը գյումրեցի,
Ես ի՞նչ ասեմ, որ նմանվեմ Վարուժանին մեր ցեղի,
Լոռվա ձորից մինչև Բաղդադ ու Թիֆլիսից մինչ Պոլիս,
Սեգ հայուհուն գովերգեցին որպես թագը աշխարհի:

Գովերգեցին սուրբ մայրիկին ու քույրիկին մեր բարի,
Գովերգեցին սերը կնոջ ու պերճ կուրծքը օրիորդի,
Տվին, առան կնոջ գոյը, նրա դերը ջեննեթի,
Հանգ չթողին հանճարները, որ գեթ մեկն էլ ինձ լսի:

Բառ չեմ գտնում, խոսք չեմ գտնում Քո հմայքին համարժեք,
Ես արծիվ եմ, ոչ թե սոխակ, որ քո տեսքի գովքն անեմ,
Ելար, ասիր արևներին, թովիչ ձայնով կարկաչուն.
-Ես արթուն եմ, դուք մայր մտե՛ք, ի՞նչ եք հոգնած առկայծում:

Շողդ Առավ Արա լեռին, բայց իմ հոգին հրդեհվեց,
Սրտիս զարկեց երկրաշարժը, ախր սերն էլ է տարերք,
Ինչպես Սասմա Խանդութ Խաթուն սիրտս գուրզով փշրեցիր,
Բեկորներից աստղոտ սրտիս լույս խոյակներ կերտեցիր:

Սիրտս Վանա ծովից էլ մեծ Քեզ խնկաման է դարձել,
Եվ հին ու նոր աստվածների նենգ նախանձն է փոթորկել,
Գիտեմ բյուր-բյուր կանանց Չինմաչինից մինչ Բոստոն,
Բայց իմ հոգու լույսը Դու ես, Նաիրուհի իմ պչրուն:

Այսպես երգեց մեր հին Երկրում, որ կոչվում է Արարատ,
Իմ հեք սիրտը լուսե հայրեն նորավառ ու անարատ,
Ներբողն ահա ավարտեցի, այդ իրավունքը չունեմ,
Ամպից մաքուր, ջան հայուհի, իրավունքիդ ես մեռնե՛մ: