2015թ. օգոստոսի 2- ից 13- ը տեղի են ունենալու համահայկական ամառային վեցերորդ խաղերը: Կառավարության առաջիկա հինգշաբթի գումարվելիք նիստի օրակարգի հարցերից մեկով նախատեսված է խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող մարզական պատվիրակության անդամ օտարերկրյա քաղաքացիներին ազատել մուտքի արտոնագրի տրամադրման համար գանձվելիք տուրքի վճարումից:

 


Որոշման նախագծով հանձնարարություն է տրվելու մի շարք պաշտոնատար անձանց: ՀՀ արտաքին գործերի նախարարը և ՀՀ ԿԱ ոստիկանության պետը պարտավորեցվելու են մինչև ս.թ. օգոստոսի 30- ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն տեղեկություն ներկայացնել պետտուրքի չափի վերաբերյալ:

 


Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն իր հերթին հանձնարարություն կստանա այդ տեղեկությունն ունենալուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն' ՀՀ 2015թ. պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից այդ հաշվետվությունում նշված գումարի չափով գումար հատկացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը' մուտքի արտոնագրի համար նախատեսված պետտուրքի գումարների փոխարեն պետբյուջե վճարելու նպատակով:

 


Եվ վերջապես, համահայկական ամառային վեցերորդ խաղերի կազմկոմիտեի նախագահին կհանձնարարվի մինչև 2015թ. հուլիսի 1- ը ՀՀ արտգործնախարարություն և ՀՀ ԿԱ ոստիկանություն ներկայացնել խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակությունների անդամ օտարերկրյա քաղաքացիների ցուցակները:
Ահա այսպիսի միջոցներ ձեռնարկելու արդյունքում Կառավարությունը կդյուրացնի համահայկական վեցերորդ խաղերի օտարերկրյա մասնակիցների ժամանումը Հայաստան:

 

 

 

Վաչագան Գևորգյան