Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է: Հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM - The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ռուսական պատվիրակության առաջարկությամբ: 1978թ.-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը:

 

Թանգարաններն այդ օրն աշխատում են 11:00-18:00: Տոնի շրջանակում նախօրեին անց է կացվում նաև «Թանգարանների գիշեր»: Այդ օրը Երևանի և Հայաստանի թանգարանները այցելուների համար բաց են լինում երեկոյան 18:00-ից մինչև կեսգիշեր: Թանգարանները հանդես են գալիս նաև մի շարք միջոցառումներով: Հայաստանն այս նախաձեռնությանը միացել է 2005թ.:
«Թանգարանների գիշեր»-ն առաջին անգամ անցկացվել է 1997թ. Բեռլինում: Բեռլինի քաղաքային իշխանություններն ամբողջ գիշերը բաց թողեցին քաղաքի թանգարանների դռները, որը ժողովուրդը մեծ ոգևորությամբ ընդունեց: Շուտով այս ակցիային միացավ գերմանական ևս 20 քաղաք:
1999թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով ֆրանսիական թանգարանները տարվա մեջ մեկ օր բաց էին և անվճար հասարակության համար: Այս ակցիան կոչվում էր «Թանգարանային գարուն»: Շուտով այս նախաձեռնությունը գրավում է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող երկրների ուշադրությանը:

 

2001թ. նախաձեռնությունը վերանվանվում է «Թանգարանների գիշեր»-ի, որը վերջին տարիներին հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Այս նախաձեռնությանն է միացել նաև Թանգարանների միջազգային խորհուրդը:
Հ.Գ. այս տարի «Թանգարանների գիշեր»-ը անց է կացվել մայիսի 17-ին

 

Գրիգորյան Ժորա