Հայաստանում էլեկտրաէներգիայի գնի թանկացման խնդիրը քաղաքացիներին հուզող թիվ մեկ հարցն է դարձել: Երկրում ստեղծված տնտսական դժվարությունների ֆոնին էլեկտրաէներգիայի 17 դրամով թանկացումը, ինչպես որ առաջարկել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, կսրի առկա սոցիալական լարվածությունը և կառաջացնի դժգոհությունների ալիք' բերելով ավելորդ գնաճի:
ՀԷՑ-ն առաջարկում է էլեկտրաէներգիայի նոր սակագին սահմանել 1կՎտ/ժ-ը 55.93 դրամ, իսկ 0.38 կՎտ/ժ-ի դեպքում՝ 58,93 դրամ: Պատճառն այն է, որ ՀԷՑ-ը կուտակել է մոտ 250 մլն դոլարի պարտքի, իսկ նախորդ տարիներին ՀԷՑ-ի կորուստները հասել են 16 տոկոսի:
ՀԷՑ-ի կողմից պարտքերի կուտակումը տեղի է ունեցել ոչ ճիշտ մենեջմենթի և վերահսկողության արդյունքում, որի հետևանքով առաջացել է կրիտիկական վիճակ ՀԷՑ-ի բնականոն գործունեության համար:
Սակայն հարց է առաջանում, ինչո՞ւ պետք է ՀՀ հասարակ քաղաքացին լրացուցիչ 17 դրամ վճարի ՀԷՑ-ի ղեկավարության ոչ ճիշտ մենեջմենթի արդյունքում առաջացած կորուստների համար, մանավանդ, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, էլեկտրաէներգիայի սակագինն առավելագույնը 5-6 դրամով է թանկանալու:
Այս ամենը փաստում է ՀԷՑ-ի անպատասխանատու գործելաոճի մասին, միաժամանակ ակնհայտ է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը 17 դրամով լիովին անթույլատրելի է:
Փաստորեն, էներգետիկ համակարգում ստեղծված այս քաոսային իրավիճակը պետք է օրինակ ծառայի բոլորին: Նմանատիպ անբարեխիղճ իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին կանխել այսօրինակ երևույթների առաջացումը, և ոլորտը խստագունս վերահսկողության տակ վերցնել:
Արման Ալավերդյան