Այսօր գրեթե ամենաշրջանառվող և զգայուն թեման Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն է, որն հանդիսանալով հիմնաքար, շղթայական ազդեցություն կունենա ողջ տնտեսության վրա, ուղակի սպառված էլեկտրաէներգիայի ամսեկան վճարների բարձրացումից, մինչև անուղղակի ազդելով ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի բարձրացմանը, խփելով յուրաքանչյուր սպառողի գրպանին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն, որ այժմ գտնվում է ռուսական «Ինտեր ՌԱՕԵԷՍ» ընկերության կազմում, այս տարիների ընթացքում կուտակել է 250-300 մլն դոլարի պարտք: Իսկ սակագների բարձրացման հիմնավորում է ներկայացվում ատոմակայանի կանգ առնելը, սակավաջրությունը, արժույթի տատանումը նաև տեխնիկական բնույթի խնդիրները:
ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ստորագրված համաձայնագրով նախատեսվում է հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էլեկտրաբլոկի շահագործումը հետաձգել 10 տարով՝ մինչև 2026 թ, իսկ գործող էլեկտրաբլոկի շահագործման ժամանակը ավարտվում է 2016 թ. վերջին: Ըստ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի՝ «Մոտակա տարիների ընթացքում, եթե չունենանք նոր բլոկ, և այս բլոկը կանգնեցվի, 2016-ին մենք ունենալու ենք բազիսային հզորությունների լուրջ դեֆիցիտ, դրանով է պայմանավորված, որ որոշեցինք սկսել այս ծրագիրը երկարաձգման հետ կապված»: Այդ նպատակով Ռուսաստանի Դաշնությունից կներգրավվեն 270 մլն դոլար վարկ, և 30 մլն ռուսական կողմից տրված դրամաշնորհ:
Հաշվի առնելով այն, որ անցյալ տարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ժամանակ պատճառաբանվեց, որ ատոմակայանը 88 օր նախատեսված ժամկետից ավելի կանգնել էր վերանորոգման, կարելի է հետևություն անել, որ Էլեկտրաբլոկի շահագործման ժամկետի հետաձգումը նոր սակագնի ձևավորման վրա իր հիմնական ազդեցությունն է ունենալու: Ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները արդեն հայտարարել են, որ Էլեկտրական էներգիայի թանկացման հայտը հիմնավորված է, հարցը սակագնի բարձրացման չափն է, որը պետք է լուծի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Հիշեցնեմ, որ ՀԷՑ-ը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի 17 դրամով թանկացման հայտը, բայց մամուլում արդեն շրջանառվում են 6-7 դրամով հնարավոր թանկացման մասին լուրերը: Ներկայումս բնակչության համար էլէներգիայի սակագինը կազմում է 41,85 դրամ մեկ կվ/ժամի համար (ցերեկային) եւ 31,85 դրամ (գիշերային):
Միանշանակ կարելի է ասել, որ ներկա իրողությունում ամենակարևորը ստրատեգիական նշանակություն ունեցող էլցանցերի առողջացմանն ուղված միջոցառումներն են: Կվաճառվե՞ն արդյոք Էլցանցերը այլ կազմակերպության, կգտնվի՞ արդյոք գնորդ, որը պատրաստ կլինի գնալու ռիսկային գործարքի, դեռ ժամանակը ցույց կտա: Սակայն միանշանակ է, որ իշխանությունները պետք է առաջին հերթին շահագրգռված լինեն համակարգը ճգնաժամից դուրս բերելուն, ինչպես նաև այնպիսի իրավական հիմքեր ստեղծելու, որը պետությանն ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացնելու լծակներ սահմանվի:
Վերջապես, բավական է օտարերկրյա ապաշնորհ կառավարիչների, ինչպես նաև այդ ոլորտի անբարեխիղճ մեր հայրենակիցների կողմից կուտակած պատքերի դիմաց մենք վճարենք:
Հայկ Համբարձումյան