Այս սկզբունքն է կիրառվելու Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատողների ընտանիքի անդամների աշխատանքային գործունեությունն իրականացնելիս:

 

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել համապատասխան համաձայնագրի կնքման առաջարկությանը: Դրա նպատակն է կողմերի միջև իրավական պարտավորություն առաջացնող փաստաթղթի միջոցով ստեղծել այն իրավական հիմքը, որը կտա երկու երկրների դիվանագիտական ծառայողներին ուղեկցող անձանց' վերջիններիս ընտանիքի անդամներին, մյուս կողմի պետության տարածքում առանց որևէ խոչընդոտի աշխատանքային գործունեություն ծավալելու հնարավորություն:
Համաձայնագիրը կոչված է ապահովելու այդ իրավունքը, ինչպես նաև կարգավորելու դրա ծագման, իրականացման և դադարեցման մեխանիզմները:

 

Հարկ է նշել, որ համաձայնագիրը նաև առնչվում է Հայաստանի Հանրապետության և Եվրամիության անդամ պետությունների միջև կնքված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրին, որով վերացվում է ԵՄ պետություններ այցելելիս մուտքի արտոնագրի պահանջը դիվանագիտական անձնագիր կրող ՀՀ քաղաքացիների համար:
Եվրոպական պետություներից միայն Շվեյցարիայի հետ է Հայաստանի Հանրապետությունը կնքել նման միջազգային պայմանագիր, որն ուժի մեջ է մտել 2012թ. նոյեմբերի 1- ին:

 

ՀՀ կառավարությունը 2013թ. հավանություն է տվել նաև Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև նույնաբովանդակ համաձայնագիր կնքելու առաջարկությանը: Գերմանական կողմի հետ այժմ շարունակվում է համաձայնագրի դրույթների համաձայնեցման քննարկումը:

 

Վաչագան Գևորգյան