Լավ չեմ հասկացել թե մեր հորթարանը ինչ օրենք է ընդունել խոպանչիների եկամտահարկի մասին։ Հաստատ լավ բան չի արել քանի որ ինքը լավ բան անելու համար չի ստեղծված։ Սա էն գլխից էլ պարզ ու հասկանալի էր ու իզուր տեղը չասեք որ անսպասելի էր։ Չէ, լավ էլ սպասելի էր։ Վատից լավ բան սպասելը անմտություն է։
Ես սովորական հասարակ մահկանացու մարդ եմ այս ԱՄՆ-ում։ Ամեն տարի մինչև ապրիլի 15 - ը ԱՄՆ բոլոր քաղաքացիները՝ այդ թվում նաև ես, ներկայացնում ենք մեր եկամուտների մասին դեկլարացիա։ Հլա թող մեկնումեկը չներկայացնի կամ սխալ ու խաբեբա մի բան ներկայացնի։ Մայրիկը կլացացնեն որովհետև ԱՄՆ հզոր երկրի հզորության հիմնաքարը նրա հարկային սիստեմն է։ Սա լավ հասկանալու համար ասեմ որ ԱՄՆ նախագահի թիկնազորը ոչ պաշտպանության նախարարությունն է, ոչ գաղտնի ծառայություններն են կամ երկրի հիմնական անվտանգության ծառայությունը այլ հարկային ոստիկանությունն է։ Նախագահը՝ այսինքն ԱՄՆ կառավարությունը, բոլոր ուժային համակարգերից ամենաշատը վստահում է հարկային ոստիկանությանը։
Հիմա գանք մեր երկրին։ Հա, թալանում են, լափում են երկրի միջոցները մինչև բյուջե հասնելը, իսկ այն փշրանքներն էլ որ բյուջե են հասնում բյուջեից են գողանում ու լափում։ Սա կա ու կա։
Բայց եկեք նաև ձեռքներս դնենք խղճներիս ու ասենք լավ, եթե քաղաքացիները հարկ չտան, բա այդ բյուջեն ինչպե՞ս ձեվավորի այս կառավարությունը։ Կառավարության հերն էլ անիծած, մկներին էլ հետը, բայց դե երկիր է, պիտի բյուջե ունենա ու ինչպես աշխարհում բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանը պիտի հարկի տակ դնի իր քաղաքացիներին։
Ուղղակի պիտի այնպիսի հարկային համակարգ մշակվի որ ոչ շիշը վառվի ոչ էլ քյաբաբը։ Այ, այս բանը անելու համար խելքով մարդիկ են պետք այլ ոչ թե Մխչյանի միջն․ դպրոցի տարրականը ավարտած կամ էլ Համալսարանի բանասիրականի հեռական եսիմ ավարտած կամ չավարտած կիսատառաճանանչները։
Համլետ Գասպարյան