Վրացական ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է հարավային Օսիայի ԱԺ նախագահ և Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ա.Բիբիլովի և Գ. Սահակյանի միջև հանդիպման թեման: Բանն այն է, որ վրացական լրատվամիջոցները, հղում կատարելով հարավօսական աղբյուրներին՝ հայտնել են, որ նշված հանդիպումը կայացել է, իսկ այդ նույն լրատվամիջոցների փորձերը՝ ճշտելու թե արդյո՞ք նշված տեղեկատվությունը իրականությանը համապատասխանում է, թե՝ ոչ, անարդյունք են եղել:
Վերոնշյալի կապակցությամբ հայտարարություն է արել Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ պարզաբանելով, որ եթե պարզվի, որ հանդիպումը տեղի է ունեցել, ապա վրացական կողմը համապատասխան արձագանք կտա, ավելին՝ բացատրություն կպահանջի հայկական կողմից:
Այդուհանդերձ, նշվածի կարիքը, թերևս, չի լինի, քանի որ հայկական կողմը արդեն իսկ հայտարարել է, որ հիշյալ հանդիպումը կայացել է, իսկ վրացական կողմն, ըստ էության, մտահոգվելու կարիք չպետք է որ ունենա, քանի որ հանդիպումը մասնավոր բնույթ է կրել, և տրամաբանորեն դրան չի կարող տրվել պաշտոնական գնահատական:
Հ.Գ. Ցանկալի է՝ Թբիլիսին ավելի հետևողական լինի, և իր պետական, ազգային և տարածքային շահերը պաշտպանելիս, համապատասխան գնահատականներ հնչեցներ թուրք և ադրբեջանցի «հալալ-զուլալ» բարեկամների գործողություններին, հատկապես՝ այն դեպքերին, երբ թուրք և ադրբեջանցի գործիչները պաշտոնական հանդիպումներ են կազմակերպում իրենց աբխազ և օս գործընկերների հետ, իսկ այն հանգամանքը, որ Թուրքիան Աբխազիայի երկրորդ առևտրային գործընկերն է, փաստ է, և, իրականում, դա պետք է որ անհանգստացնող լինի Վրաստանի համար:
Ալիկ Էրոյանց