Հասարակությունը ծնում, վերարտադրում է ինչով տարիներ շարունակ սնվել է, ապրել, գոյատևել…Ինչը ձևավորել է անհատին, քաղաքացուն, ողջ հասարակությանը, ինչի արդյունքում ստեղծվել է ներկա աղճատված ու ամորֆ արժեհամակարգը:

 

Դեռևս խորհրդային տարիներին' հատկապես հետստալինյան ժամանակաշրջանում, «ամենալավ» մարդիկ համարվում էին «շուստրիները», պետական փողերը հաջողությամբ յուրացնողները, օրենքը, օրինականությունը շրջանցողները: Երեխաները, պատանիներն ու աղջիկները աջ ու ձախ լսում էին, թե ինչ լավ, կարգին, ղայդին, ճարպիկ տղերք են «գայիշնիկները, օբեխեզեի» աշխատակիցները, ցեխի վարիչները, պահեստապետները, վաճառողները, բուֆետչիկները, դատախազները, դատավորները, պետական մյուս պաշտոնյանները, որոնք մշտապես «լևի» եկամուտ ունեին և բոլորը բնականաբար ձգտում էին նմանվել նրանց:

 

Հասարակությունը տարիներ շարունակ ծնում, պահպանում, սնում էր նմաններին ու նման արժեհամակարգում մեծացած, դաստիարակված սերունդներին, հետևաբար նրանց զավակներն այլ մտածողություն, այլ հոգեբանություն չէին կարող ունենալ… Այլասերված հասարակությունը ծնում, դաստաիարակում է այլասերված քաղաքացի…Այդ մարդիկ են դառնում վաղվա մասնագետները, առևտրականները, բժիշկները, ոստիկանները, հարկային, մաքսային տեսուչները, ուսուցիչները, պետական պաշտոնյաները, իրավապահ մարմինների աշխատակիցները…

 

Անհատը, հասարակությունը, ստեղծված արժեհամակարգը շաղկապված են իրար հետ և ստեղծվել է մի փակ շրջան ու մեր ողջ թշվառությունն ու «պերճանքը» դրա արդյունքն է…
Ուրախալի է, որ այնուամենայնիվ նոր գիտակից սերունդ է դաստիարակվել, ձևավորվել… Քիչ են, բայց կան…
Այս գործում զարմանալիորեն պասիվ կամ ոչ անհրաժեշտ դեր է խաղում մեր եկեղեցին: Աստվածապաշտ, քրիստոնեական արժեքներով ապրող քաղաքացիները վերջի վերջո ավելի օրինապաշտ են և ձգտում են հնարավորինս ապրել ազնիվ, լինել ավելի հանդուրժող և մարդկային:

 

Եկեղեցին պետք է լինի այնտեղ, որտեղ իր հոտն է, մինչդեռ եկեղեցու ուշադրությունից կարծես վրիպել է համացանցը, նրա ընձեռած հնարավորությունները: Մեր եկեղեցին պետք է ավելի լուրջ ու հետաքրքիր, նպատակային ներկայություն ապահովի սոցիալական ցանցերում: Եկեղեցու հոտի գերակշիռ ու գիտակից հատվածը մշտապես գտնվում է համացանցում, ուստի համապատասխան լուրջ, ծրագրային, ստեղծագործական մասնակցություն ու միջամտություն է պետք:
Բայց Տեր Աստված, ոչ այն աշխատաոճով, այն հնաոճ քարոզներով ու զրույցներով, որ իրականացնում են մեր եկեղեցական այրերը հիմա…

 

Իսկ ընդհանուր առմամաբ նոր, յուրահատուկ, հետաքրքիր, ոչ ստանդարտ, նաև հոգատար վերաբերմունքի է արժանի այս խնդիրը: Նոր, առաջադեմ, անօրինականությունների նկատմամբ անհաշտ քաղաքացու դաստիարակությունն ու այդ մթնոլորտի ձևավորումը, արժեհամակարգի փոփոխությունը պետք է դառնա ամենաառաջնահերթ խնդիրը: Նման քաղաքացին կլինի լավ, ազնիվ, օրինապաշտ պաշտոնյա, սրտացավ բժիշկ, ուսուցիչ, հոգատար բուժքույր, բարեխիղճ առևտրական, գործարար, բանվոր…

 

Այս խնդիրը բարդ է ու կարևոր և պահանջում է համալիր, ամբողջական մոտեցում. ընտանիք, դպրոց, ուսումնական հաստատություններ, եկեղեցի, ԶԼՄ-ներ, օրենքների գերակայություն, հասարակական կազմակերպություններ և համպատասխան պետական կառույցներ, միայն այս օղակների համագործակցված աշխատանքի արդյունքում է հնարավոր հասնել էական հաջողության: Այլապես կրկին կվերարտադրվեն այն տականքնրը, որոնք ավելի կենսունակ են և ցավոք' հարգված…

 

Ռոբերտ Մելքոնյան