Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությանը:

 


Համաձայնագրի Կողմերը ցանկանալով խորացնել բարեկամական կապերը, ամրացնել տնտեսական հարաբերությունները, գիտակցելով բաց և կանխատեսելի միջավայրի խրախուսման կարևորությունը միջազգային առևտրի և ներդրումների համար, օտարերկրյա և ներքին մասնավոր ներդրումների կարևոր դերը աճի ապահովման, աշխատատեղերի ստեղծման, առևտրի ընդլայնման, տեխնոլոգիաների կատարելագործման և տնտեսական զարգացման խթանման գործում՝ հաստատեցին իրենց ցանկությունը' աջակցել գրավիչ ներդրումային միջավայրի ստեղծմանը, ընդլայնել և դիվերսիֆիկացնել ապրանքների և ծառայությունների առևտուրը Կողմերի միջև:

 


Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որը կնախագահեն հայկական կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ամերիկյան կողմից ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի գրասենյակը:
Համատեղ խորհրդի նպատակներն են' երկու Կողմերի առևտրային և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը և հնարավոր խոչընդոտների բացահայտումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մտավոր սեփականությունը, գործարար միջավայրը, աշխատողների իրավունքները, ինչպես նաև հարցեր, որոնք ներառված չեն երկրների միջև կնքված ներդրումային համաձայնագրում:

 

 

 

Անի Սանոսյան