Վերջին տարիներին բազմաթիվ եկեղեցիներ կառուցվեցին, ու բազմաթիվ հները վերանորոգվեցին։ Իրականում եկեղեցաշինության մասշտաբներն այնքան մեծ են, որ վստահ եմ, որ անկախ նրանից, թե ինչպես ենք ժամանակակիցներս վերաբերվում Գարեգին Բ կաթողիկոսին, դարեր անց նրան գուցե կոչեն Գարեգին Շինարար։ Ինչևէ, միշտ չէ, որ եկեղեցաշինությունը դրական է ընկալվում։ Հիշում ենք Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի ապամոնտաժումն ու դրա փոխարեն կաթողիկոսի նստավայր կառուցելը, հիմա էլ ոչ այնքան դրական ռեզոնանս է ստանում Արտակ Ղուլյանի նախագծած եկեղեցու շինարարությունը Կոմիտասի անվան պանթեոնում։ Ինքս ունեմ մի քանի դիտարկումներ այս հարցի շուրջ՝ թե՛ դրական, թե՛ բացասական, որոնցով էլ ուզում եմ կիսվել։
Նախ, մենք, լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած պետություն, տրամաբանական է, որ նաև ունենանք բազմաթիվ գործող եկեղեցիներ, առավել ևս, որ նախորդ դարասկզբին բազմաթիվ եկեղեցիներ ոչնչացվեցին ու փակվեցին թուրքերի ու բոլշևիկների կողմից։ Ու առնվազն այս համատեքստում արդարացված է եկեղեցաշինությունը։ Կոնկրետ Կոմիտասի պանթեոնում կառուցվելիք եկեղեցու մասով էլ կարող եմ ասել, որ պրոյեկտը շատ գեղեցիկ է և կզարդարի մեր քաղաքը, ու ես առհասարակ շատ եմ հավանում Արտակ Ղոուլյանի տաղանդը և վստահ եմ, որ դարեր անց նա ևս կհիշվի որպես մեծ ճարատարապետ։ Էս դրականի մասով։
Հիմա բացասական դիտարկումներովս կիսվեմ։ Ուրեմն, ինձ դուր չի գալիս, որ եկեղեցի կառուցելը դարձել է մի տեսակ ինքնանպատակ ու ֆետիշ։ Միանգամայն նորմալ էր, որ 100 տարի առաջ Հայաստանում հարյուրավոր եկեղեցիներ էին գործում, որովհետև հարյուր տարի առաջ բնակչության մեծամասնությունն իրոք քրիստոնյա էր, ու այդքան գործող եկեղեցիների կարիք իրոք տար։ 100 տարի առաջ կար, իսկ հիմա չկա։ Հիմա մեր հավատացյալների մեծ մասը միայն ֆորմալ է քրիստոնյա ու ՀԱԵ հետևորդ, ու շատերը նույնիսկ «Հայր մերը» չգիտեն, ուր մնաց թե եկեղեցի պարբերաբար այցելեն։ Այդպիսի իրավիճակում գուցե ավելի ճիշտ կլիներ տասնյակ եկեղեցիներ կառուցելուց առաջ զբաղվել հենց այդ հարցով, ինչպես նաև նրանով, որ Եկեղեցին ու հատկապես դրա վերնախավն անսահման հեռացել ու դժվարընկալելի է դարձել ժողովրդի համար։ Ասել կուզի՝ ավելի լավ կադրային քաղաքականությանն ու փիառին ուղղվեն այն միջոցները, որոնք հիմա ուղղվում են եկեղեցաշինությանը։
Մյուս կողմից, ուզում եմ խոսել նաև բարերարների ու նրանց կառուցած եկեղեցիների մասին։ Քավ լիցի, ոչ մեկի գրպանը չեմ մտնում, ոչ էլ ասում եմ՝ վատ են արել։ Բայց երբ մարդիկ սոված են ու նյութեղեն սննդի կարիք ունեն, հոգևոր սնունդը մի տեսակ ակտուալ չէ նրանց մեծամասնության համար։ Ծայրաստիճան աղքատության պարագայում գերիշխում են անհավատությունն ու հիասթափությունը, և գուցե ավելի լավ է այդ աղքատությունը հաղթահարել կամ էլ գոնե մեղմել՝ գործարաններ ու աշխատատեղեր ստեղծող այլ հիմնարկություններ հիմնելով այն փողերով, որով եկեղեցիներ են կառուցում։ Հենց այդ հուսահատությունն ու կենսական բարդ պայմաններն են հաճախ պատճառ դառնում, որ մարդիկ նյարդայնանում ու բացասաբար են արձագանքում եկեղեցիների շինարարությանը։
Ամփոփելով ցանկանում եմ ասել, որ ես իհարկե սկզբունքորեն դեմ չեմ, որ եկեղեցիներ են կառուցվում ու հետագայում էլ կառուցվելու են, և նույնիսկ կողմ եմ դրան։ Սակայն Եկեղեցի ասվածն առաջին հերթին մեզանից յուրաքանչյուրի հոգում է, այլ ոչ թե այն շենքն ու կառույցներն են, որոնք խաչով են պսակված։ Եթե անտեսվում է մարդկանց ներքին Եկեղեցին, կամ էլ բավարար ուշադրություն չի դարձվում դրա վրա, ու կենտրոնանում են միայն շենք-եկեղեցիներ կառուցելու վրա, դրանով ոչ հավատի սերմանմանն են նպաստում, ոչ էլ պահպանմանը։ Կարծում եմ՝ կարելի է անել այնպես, որ համ-համ լինի, բայց դրա համար պետք է հրաժարվել ֆետիշիզմից ու մեծամտությունից։
Կոնստանտին Տեր-Նակալյան