… Այդպես գնալով հասանք Խոշաբի շրջանի Զեունակ գյուղի մոտերքը: Ես բեռան վրա պառկած էի, երբ լսեցի իմ եղբայր Սողոմոնի գոռոցը, կանչեց.
-Եղբայր, մաման Նշանին գցել է (մեկուկես տարեկան):
Գոռացի.
– Սողոմոն, ինձ բեռան վրայից իջեցրու:
Ինձ իջեցրեց, բոլոր երեխաները հավաքվեցին գլխիս, սկսվեց լացուկոծ բացօթյա դաշտում: Իմ հարցին, թե մաման Նշանին որտեղ է գցել, խեղճ մայրս հեկեկոցից չէր կարողանում պատասխանել: Երեխաները հավերի ճուտերի նման նստած էին մորս ծնկներին, ուսերից կախված' վժվժում էին: Պարզ էր, որ նրանք էլ Նշանի բախտին կարժանանային: Մայրս պապանձվել էր. չգիտեր' ինչ ասեր կամ աներ: Հազիվ լեզուն շարժվեց, ասաց.
-Նշանին էն քարի տակն եմ դրել, քարերը լցրել եմ առաջը, քարերի հետ խաղում է, գնացեք բերեք:
Մոտ 40 մետրի վրա գցել էր: Սողոմոնը գնաց, բերեց:

 


-Մամա, ինչո՞ւ Նշանին գցեցիր:
– Բալա, ուժասպառ եմ եղել, ուժ չունեմ հինգ փոքրիկ երեխաների շալակով և ոտքով տանել, ուժասպառ եմ եղել: Որոշոցի Նշանին գցել, որ մյուսներին գոնե ազատեմ:
– Մամա, միևնույն է, մեզ պետք է կոտորեն: Մենք մենակ ենք մնացել չոլերում: Արի չգնանք, թող մեզ միասին սպանեն: Երեխաներին մի գցիր, դու էլ ուժասպառ ես, չես կարող գնալ:
– Բալա ջան, ինչպես չգնալ: Կատուն էլ իր ձագն ազատում է վտանգից: Ես մի կատվի զգացմունք էլ չունեմ: Ես համաձայն չեմ մնալու: Կամաց- կամաց գնանք: Աստված մեծ է, մի դուռ կբացի մեզ վրա: Սրանից հետո խոստանում եմ երեխաներին չգցել:

 


Շարունակեցինք ճանապարհը: Խոշաբն անցանք: Ժողովրդի հետքը չգտնելով' գիշերը մնացինք չոլի մեջ: Առավոտյան ճանապարհ ընկանք: Մինչև ճաշ հասանք մի ավերակ գյուղի մոտ: Տեսանք' առջևից զինված ձիավորներ են գալիս: Մայրս կարգադրեց բոլորիս հավաքվել իր շուրջը: Ասաց. «Բալիկներ, եկողները քրդեր են, մեր վերջն է, համբուրեք իրար»: Մենք բոլորս իրար համբուրեցինք: Մայրս նորից սկսեց մեկ առ մեկ համբուրել և լաց լինել: Մենք բոլորս սկսեցինք լացել: Առաջին ձիավորը մոտենալով' հայերենով բղավեց' դուք հա՞յ եք: Մայրս արցունքոտ աչքերով պտասխանեց' հայ ենք:
-Քույրիկ, մենք Իշխանի խմբի կամավորներն ենք, ձեզ փրկելու համար ենք եկել: Վեր կացեք, ուղիղ այս ճամփով գնացեք, մինչև երեկո կհասնեք ժողովրդին: Մենք հետ պետք է գնանք ժողովրդին բերելու:
Այսպես մենք շարունակեցինք ճանապարհը: Երեկոյան հասանք ժողովրդին: Երկու օրից հետո հասանք Աղբրակի շրջանի ս. Բարդուղիմեոս վանքը, որտեղ գտնվում էր ռուսական բանակը…

 

 

Հովիկ Չարխչյան