XVII-XVIII դարերում հնդկահայերն ակտիվ մասնակցություն ունեցան օտար նվաճողների դեմ հնդիկ ժողովրդի մղած ազատագրական պայքարին։ Եւրոպացիների Հնդկաստան թափանցելուց առաջ հայերն այստեղ ունեին ազդեցիկ ներկայություն։ Հիմնականում հայ վաճառականների ձեռքում էր գտնվում երկրի արտաքին առեւտուրը։ Նրանք հանդիսանում էին Հնդկաստանի եւ Արևմուտքի միջև առևտրի գլխավոր միջնորդներ եւ մեծ պահանջարկ ունեցող հնդկական ապրանքներով ողողում էին եվրոպական շուկաները: Հայ խոջաները մենաշնորհ ունեին համեմունքների, բեհեզի ու թանկարժեք քարերի առևտրի ոլորտում։ Հայերը զբաղեցնում էին նաեւ պետական բարձր պաշտոններ։ Հնդիկ ժողովրդի բարյացկամ վերաբերմունքն ու հարգանքը հնարավորություն էր տալիս հայ հասարակության տարբեր խավերին ազատ ու շահութաբեր գործունեություն ծավալելու երկրի բոլոր անկյուններում։
Անգլիական, ֆրանսիական եւ հոլանդական արեւելա-հնդկական ընկերությունները Հնդկաստանում իրենց գործունեության առաջին շրջանում գործակիցներ էին փնտրում հայ վաճառականների շրջանում։ Տեղի իշխանությունների ու եւրոպացիների միջեւ բանակցությունների ժամանակ միջնորդի դերում հանդես էին գալիս հայ խոջաները։ Իրենց ներկայությունը Հնդկաստանում ամրապնդելու համար անգլիական Արեւելա-հնդկական ընկերությունը 1688 թ․ հունիսի 22-ին պայմանագիր ստորագրեց հայ վաճառականների ներկայացուցիչ խոջա Փանոս Քալանթարյանի հետ, որով հնդկահայ վաճառականներն անգլիական նավերով իրենց ապրանքները տեղափոխելու, անգլիական գաղութներում անարգել առեւտուր անելու, կալվածքներ գնելու ու պաշտոններ վարելու հնարավորություն ստացան։
Հնդկաստանում քիչ թե շատ հաստատվելուց հետո՝ մեծ մրցակցություն սկսվեց հայերի ու անգլիացիների միջեւ։ Օր-օրի հայերը դուրս էին մղվում առեւտրական շուկաներից։ Մեծ քաղաքներում հայկական համայնքները արագ քայքայվում էին եւ հայերն աստիճանաբար տեղափոխվում էին գաղութայնացումից ազատ շրջաններ։ Հայկական նավերի վրա հարձակումներն ստացան պարբերական բնույթ։ Անգլիացիների բացահայտ հալածանքների պայմաններում հնդկահայերի շրջանում լեռնանում էր թշնամանքը եւ մեծանում հնդիկ ժողովրդի ազատագրական պայքարին աջակցությունն ու մասնակցությունը։
Հնդկահայ բարձրաստիճան զինվորականների առաջին ներկայացուցիչներից է Ղազարի որդի Մաթեոսը։ Հայտնի է, որ նա մահացել է 1753 թ․ եւ թաղվել Չանտերնագոր քաղաքում։ Տապանաքարի վրա հայերեն արձանագրված են անունը, մահվան թվականն ու հրամանատար լինելը։ Գորգին Խանը (Գրիգոր Հարությունյան) Բենգալիայում 1760-63 թթ. անգլիական գաղութարարների դեմ հնդիկ ժողովրդի մղած ազատագրական պայքարի ամենաակնառու դեմքերից է՝ Բենգալիայի բանակի գլխավոր հրամանատարը։ Նա մինչ այդ զբաղվել է կտորեղենի առեւտրով, բայց երբ զինվորականի պաշտոն են վստահել՝ դրսեւորել է տաղանդավոր ռազմական առաջնորդի ունակություններ: Կարճ ժամանակում ստեղծել է քառասուն հազարանոց բանակ, կազմակերպել հրացանների արտադրություն եւ հրանոթների ձուլման գործարան: Այս գործին ակտիվ մասնակցություն են ունեցել հայ զինագործները, որոնց ղեկավարն էր խոջա Շահնազարը։ 1761 թվականին նրա ձուլած «Զամ-զամա» կոչվող հրետանին այժմ էլ ցուցադրվում է Հնդկաստանի Լահոր քաղաքի թանգարանում։ Թնդանոթ ձուլող ամենալավ մասնագետի համարում է ունեցել Հ․ Ջուղայեցին, որն իր պատրաստած թնդանոթների վրա թողել է իր անունը։
1760թ. աշնանը Բենգալիան հռչակվում է անկախ։ Գաղութարարները քանիցս փորձում են հայերին գրավել իրենց կողմը, բայց ապարդյուն։ Կատաղի կռիվների ժամանակ չի հաջողվում կոտրել Գորգին Խանի գլխավորած զորքերի դիմադրությունը։ Շուտով անգլիացիներին հաջողվում է դավադրաբար սպանել հայորդուն։ Օգտվելով այն բանից, որ հրամանատարն առանց թիկնապահի շրջում էր բանակում՝ դավադիրները մոտենում են նրան եւ դաշունահարում։ Այդ ժամանակ նա 33 տարեկան էր: Բժիշկների օգնությունն ապարդյուն է անցնում։ Բենգալիայի կառավարիչ Միր Քասիմն արտասվալից աչքերով գրկում է հերոսին ու շշնջում․ «Եղբա՛յր, ինչու՞ չլսեցիր ինձ։ Քանիցս պատվիրել էի առանց թիկնապահների չշրջել»։
Միր Քասիմի բանակում ծառայում էին մի շարք բարձրաստիճան հայ զինվորականներ: Նրանցից մեկը' Հայ Մարգարը (Մարգար Քալանթար), մինչ Հնդկաստան տեղափոխվելը ծառայել էր Հոլանդիայում եւ հասել գեներալի աստիճանի: Անձնվեր ու գերազանց ծառայության համար Միր Քասիմը գեներալ Մարգարին շնորհել է իշխանի տիտղոս։
Հովհաննես Նազարը նավաբի անվտանգության ջոկատի հրամանատարն էր: Հայտնի զինվորական էր նաեւ գնդապետ Հակոբը: Նա ծառայել է 70 տարի եւ մահացել 95 տարեկան հասակում: Ողջ Հնդկաստանն էր սգում նրա մահը, իսկ Գվալիորի ամրոցի հրանոթները նրա պատվին 95 համազարկ են տալիս: Գվալիորի նահանգային կառավարությունը հատուկ օրենքով գնդապետի սերունդների համար ցմահ թոշակ է սահմանում: Ընդհանուր առմամբ, Գորգին Խանի բանակում ծառայել է շուրջ 100 հայ սպա, հազարավոր հայ զինվորներ։
Ապստամբությունն արյան մեջ խեղդելուց հետո՝ անգլիացիներն անցնում են բացահայտ գազանությունների։ Թալանին ու ջարդերին հաջորդում են սարսափելի սովն ու համաճարակները, որոնց հետեւանքով 1769-1770 թթ․ մահանում է Բենգալիայի բնակչության 1/3-ը՝ մոտ 10 միլիոն մարդ։