Ահագին ուսումնասիրեցի, թե ինչ է կատարվում սոցցանցերի թուրքական սեգմենտում այսօր, հատկապես Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված թքած-կպցրած միջոցառման շուրջ, որն ի սկզբանե թուրքական քարոզչամեքենան մոգոնել էր աշխարհի ուշադրությունը Հայոց ցեղասպանության թեմայից շեղելու համար։ Սակայն նույն թուրքական թվիթերը խիստ ուշագրավ պատկեր է բացում մեր առջև։

 

Չգիտեմ, գուցե թուրքերն իրոք վատ դիվանագետներ չեն, բայց քարոզչությունից փաստացի 0 են, անգամ ներքին լսարանը կառավարելու առումով, և այս մասին վկայում են օբյեկտիվ տվյալներ։ Տեսեք, Թուրքիան քանի ամիս է՝ ինտենսիվորեն քարոզում է այդ գալիպոլյան ֆարսը, դրա վրա չեն խնայում ոչ մի ռեսուրս ու ժամանակ, և այդքանով հանդերձ՝ այդ միջոցառումը նույնիսկ թուրքական թվիթերում երկրորդ թրենդն է։

 

Միևնույն ժամանակ թուրքական քարոզչամեքենան արեց ամենը, որպեսզի իր լսարանին համոզի, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ոչ մի լուրջ նշանակություն չեն տալիս ու միլիոններ ծախսեցին, որպեսզի այս իրադարձությունը մատուցեն մաքսիմալ անհետաքրքիր ու ոչ ուշագրավ մի բան։ Բնականաբար, կրկին ձախողվեցին, ու սրանք լոկ բառեր չեն, սրա մասին պարզ վկայում է այն, որ թուրքական թվիթերում թիվ մեկ թրենդն այսօր Հայոց ցեղասպանության թեման է։

 

Ու գալիպոլյան խեղկատակությունն այնքան անփառունակ մթնոլորտում է հիմա հայտնվել, այնքան քիչ համոզիչ է, որ թուրք քարոզիչները չգիտեն էլ՝ ինչ անել։ Թերևս միակ բանը, որից դեռ կառչում են, անգլիական արքայական ընտանիքի անդամների ներկայությունն է միջոցառմանը, որոնց լուսանկարներն են ակտիվորեն տարածում, բայց միևնույն է, թուրքական հասարակությունն առանձնապես չի ողջունում դա ու շարունակում է սևեռվել Հայոց ցեղասպանության վրա։ Զավեշտալի է, բայց իմ դիտարկումների համաձայն, Գալիպոլիի 100-ամյակն ասես ավելի շատ խանդավառություն ադրբեջանցիների մոտ է առաջացրել, քան հենց թուրքերի և դա այն պարագայում, որ Ադրբեջանը ոչ մի աղերս չունի այդ իրադարձության հետ։

 

Ու այս ամենի մյուս դրական կողմը կայանում է նրանում, որ բազմաթիվ շարքային թուրք օգտատերերի աչքեր են բացվում, ու մարդիկ ներողություն են խնդրում հայերիցս այն ամենի համար, ինչ արել է իրենց պետությունը հարյուր տարի առաջ, ու այդ ներողություններն անգին են։ Անգին են ոչ թե նրա համար, որ ինչ-որ բան են փոխում պատմության կամ էլ մեր մեջ, այլ նրա համար, որ դրանք ամենաօբյեկտիվ վկայությունն են նրա, որ թուրքական պետությունը ևս մեկ անգամ ձախողվել է իր հակահումանիստական ու ստահակ քարոզչության մեջ, և ճիշտը մեր կողմն է։

 

Կոստանտին Տեր-Նակալյան