Ռոքը, ինչպես և զանգվածային մշակույթի այլ տեսակները կոչված են մարդկանց բնազդային-հուզական ազդակները գռգռելու համար, և ոչ ամենևին միտքը: Ռոքը կարող է հուզել մարդուն, արթնացնել նրա հոտային-բնազդային մղումները, մի պահ ամբոխի հետ կենդանի կատարման ընթացքում զորեղության և հավաքականության ուժի զգացում առաջացնել, բայց ոչ ավելին:
Ռոքը և զանգվածային մշակույթի այլ ուղղությունները չեն կարող ազատագրել կամ ազատել մարդուն որևէ բանից, թերևս ժամանակավորապես ազատագրեն նրան մշակութային կաղապարից, քաղաքակրթության ծնունդ համարվող ռացիոնալության լծից, սակայն ոչ երբեք բռնատիրության տևական այլ երևույթներից, ինչպես օրինակ' հիմարությունն է: Ռոքը զանգվածային մշակույթի տարր է, ուղղված է հույզերին, մարդու մոտ արթնացնում է հոտային բնազդներ, ուստիև մանիպուլյացիայի տեսակ է, ուստիև կարելի է միայն զվարճանալ նրանով:
Պետք չէ ակնկալիքներ ու պահանջներ ունենալ մի բանից, որի հասցեատերը նա չէ: Մեզ մոտ, ինչպես և ողջ աշխարհում հաճախ երևույթների բովանդակությունները, արտաքին տեսքի նմանություններից ելնելով, շփոթում են միմյանց հետ: Եթե մարդը ժպտում է, չի նշանակում, որ երջանիկ է, եթե գոռում է, չի նշանակում, որ քաջ է, եթե կարող է իրեն անկարգություններ թույլ տալ, դեռ չի նշանակում, որ ազատ է և այլն, և այլն: Ազատ լինելու մի ձև ու մի տեղ կա միայն - տեղը' ուղեղն է, ձևը' մտածելը:
Գրառում քչերի համար:
Լևոն Բաբաջանյան