Անցած դարի 20- 30- ականներին Չարենցը գուշակում էր, որ աշխարհը կդառնա «մի հանուր խնդության փողոց», և չին բանվոր Չինկ- Ֆուն կարող է խմել հայ բանվորներ Բարդուղի, Պողոսի կենացը... Բանաստեղծը նկատի ուներ կոմունիկացիաների սրընթաց զարգացումը տարբեր երկրների պրոլետարիատի միահամուռ պայքարի համատեքստում:
Անցել են տասնամյակներ, բայց հազիվ թե «հանուր խնդությունը» համակած լինի «փոքրիկ փողոց» մեր աշխարհը, մանավանդ պրոլետարիատի դերն էլ առանձնապես հուսադրող չէ: Բայց և այնպես մարդկանց տեղաշարժը տասնապատիկ արագացել է, անչափելի ընդլայնվել միմյանց կենաց խմող անծանոթ օտարերկրացիների դասակարգային- սոցիալական կազմը:
Դա կատարվել է բազմաթիվ հանգամանքների, այդ թվում' զբոսաշրջության հարատև ծավալման շնորհիվ: Հատկապես գեղատեսիլ երկրներ կան, որոնք ծաղկում- բարգավաճում են հենց միայն արտասահմանցիների այցելությունների արդյունքում:
Մեր երկիրը դեռ հեռու է այդ երանելի վիճակից, բայց եթե մի 20 տարի առաջ նույնիսկ Երևանի կենտրոնում հազվադեպ կարող էինք լսել որևէ «արտասահմաներեն» խոսք, պատկան մարմիններն էլ տարեկան մի քանի հազար այցելուի ավելացումը նվաճում էին համարում, ապա այժմ, «պիկ» ամիսներին, մայրաքաղաքի փոքր կենտրոնի տարածքը տեղացիներիս համար նույնիսկ «փոքրություն» է անում:
Վիճակն, ըստ երևույթին, ավելի է ծանրանալու, որովհետև Հայաստանի հետ զբոսաշրջային բարեկամություն անելու հայտ է ներկայացրել... Չինաստանը:
Բանն այն է, որ այս Ժողովրդական Հանրապետությունը գերադասում է «խմբերով կազմակերպված ուղևորությունները» այն երկրներ, որոնք ՉԺՀ կառավարությունից ստացել են հատուկ' «Երաշխավորված զբոսաշրջային երկրի» կարգավիճակ:
Ինչպես պատշաճ է իրեն հարգող գերտերությանը, չինական կողմին նախ և առաջ հետաքրքրում է իր քաղաքացիների անվտանգությունը, հարմարավետությունը, հետո նոր' մնացած ծառայությունների որակը:
Հայկական կողմն էլ իր հերթին կարողացել է համապատասխան փաստարկներ ներկայացնել, ուստի դեռ անցյալ տարվա հուլիսի 15- ին Պեկինում ՉԺՀ զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի նախագահը և Չինաստանում մեր երկրի դեսպանը Չինաստանի զբոսաշրջիկների' դեպի Հայաստան խմբային ճանապարհորդությունը դյուրացնելու հուշագիր են ստորագրել: Չինաստանում Հայաստանի դեսպանությունը կամ հյուպատոսությունները, ըստ այդ հուշագրի, ջանք պիտի գործադրեն չինական զբոսաշրջային խմբերի վիզաների համար դիմելու ընթացակարգի պարզեցման և դյուրացման նպատակով:
ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում համապատասխան հանձնարարություններ է տվել ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ արտաքին գործերի նախարարներին:
Այս ամբողջ պատմության դրականն այն է, որ Չինաստանը մեր երկիրը համարում է «երաշխավորված զբոսաշրջային երկիր»: Մնում է հուսալ, որ Հայաստան այցելող չինական զբոսաշրջային խմբերի բազմամարդությունը չի գերազանցի փոքր երկրի բնակչի մեր սահմանափակ պատկերացումները:
Արման Ղարիբյան