Այսօր կառավարությունը հավանության արժանացրեց «Չինաստանի զբոսաշրջիկների' դեպի Հայաստան խմբային ճանապարհորդության արդյունավետ կազմակերպում ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
2014թ. հուլիսի 15-ին Պեկինում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի միջև Չինաստանի զբոսաշրջիկների՝ դեպի Հայաստան խմբային ճանապարհորդությունը դյուրացնելու մասին» Փոխըմբռնման Հուշագիրը:
Ավելի ուշ ՉԺՀ կառավարության կողմից պաշտոնապես հայտարարվել է Հայաստանին «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակի շնորհման մասին (ՉԺՀ օրենսդրությունից բխող պահանջ, համաձայն որի Չինաստանից զբոսաշրջային խմբերով կազմակերպված ուղևորություններ հնարավոր է իրականացնել դեպի վերոնշյալ կարգավիճակը ստացած երկրներ):

 


Զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումը ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման գործընթացում' պայմանավորված զբոսաշրջային այցելությունների քանակի աճով, զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծմամբ:
Ըստ վիճակագրական տվայալների, հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2014թ. հունվար-դեկտեմբերին հանրապետություն է ժամանել 1 203 746 զբոսաշրջիկ կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 11.3%-ով:
Դժվար է թերագնահատել Հայաստանում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից հայ-չինական համագործակցության ակտիվացումն ու ամրապնդումը: Կառավարության ղեկավարը հանձնարարականներ տվեց պատասխանատու մարմիններին քայլեր ձեռնարկել հետագա ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:

 

 

 

Հայկ Համբարձումյան