Հետաքրքիր է' տղամարդկանց մեծամասնության կարծիքով ինչպիսի՞ն է կատարյալ կինը: Ըստ հարցման' տղամարդկանց մեծ մասը նշում են, որ իդեալական կանայք չեն լինում, ուստի պետք չէ երազանքների գիրկն ընկնել:
Իսկ ահա քիչ թե շատ երազկոտ տղամարդկանց ուղղված հարցերի արդյունքում պարզ դարձավ, որ տղամարդիկ կատարյալ համարում են այն կնոջը, ով գիտի, թե ինչպիսին է իրեն ուզում տեսնել տղամարդը… Կատարյալ կինը
1. Երբեք բացահայտորեն ցույց չի տալիս, որ ցանկանում է տղամարդու վրա իշխանություն հաստատել:
2. Պետք է կարողանա կոկետուհի լինել:
3. Պետք է կարողանա փոխվել և հարմարվել տղամարդու պահանջմունքներին համապատասխան:
4. Պիտի անկաշկանդ լինի սեքսի մեջ:
5. Պետք է կատարելագործի տղամարդուն գայթակղելու իր հմտությունները:
Վիճակագրական հարցումների մեծ մասը առանձնացնում է ամուսնացած և ամուրի տղամարդկանց կարծիքները: Բանն այն է, որ նրանք տարբեր պահանջմունքներ ունեն կանանցից: Ամուսնացած տղամարդիկ ցանկալի հատկանիշներ համարում են աշխատունակությունը, տնտեսությունը ճիշտ կազմակերպելու կարողությունը և նրբանկատությունը իրենց խնդիրների հանդեպ: Գեղեցկության մասին ամուսնացած տղամարդիկ ավելի հազվադեպ են հիշում' ի տարբերություն ամուրիների, ովքեր կնոջ մեջ ամենից շատ գնահատում են գեղեցկությունը, կանացիությունը, անհատականությունը և տղամարդուն ուրախացնելու կարողությունը:
Կանանց կարծիքները այս հարցում, բնականաբար, տարբերվում են: Իրենք' կանայք իրենց մեջ ամենից շատ գնահատում են գեղեցկությունը, սեքսուալությունը, սեփական ոճն ու անհատականությունը: Երևի բոլորդ եք նկատել, թե ինչպիսի բազմանշանակ ժպիտ ու աշխուժություն է հայտնվում այն ժամանակ, երբ խոսք է բացվում մեր սիրելի կանանց մասին: Իսկապես ամեն գեղեցիկը աշխարհում ծնվել է կնոջ հանդեպ սիրուց:
Ամփոփելով հարցումները' այս պատկերը պիտի արձանագրենք. Ինչ է փնտրում տղամարդը կնոջ մեջ
1. անհատականություն
2. գեղեցիկ արտաքին
3. խելք
4. հումորի զգացում
5 . գեղեցիկ մարմին
Հուսով ենք, որ այս նշումները օգտակար կլինեն մեր սիրելի կանանց համար: Մենք էլ' տղամարդիկս, ամեն օր պիտի փորձենք կատարելագործել մեր բնավորությունն ու փորձել ներդաշնակ ու ջերմ հարաբերությունների մեջ լինել Ձեզ հետ: Հին ճշմարտություն է, որ "տղամարդն է կնոջը ԿԻՆ դարձնում”: Միայն իսկական տղամարդու հետ կինն իրեն լիարժեք կզգա: Կյանքում, ըստ էության ոչինչ իդեալական չէ, սակայն մեզ համար կատարյալ, թանկ ու միշտ ցանկալի է դառնում այն անձնավորությունը, ում մենք սիրում ենք: Սիրեք և եղեք սիրված:
Հոգեբանի դիտարկում Դավիթ Ջամալյան
"Մարդկանց միջև համակրանքը' սերը որպես այդպիսին, որոշակի օրինաչափություններով է ձևավորվում: Տղաների համար ապագա կնոջ ընտրությունը մեծապես կախված է նրանից, թե ինչքանով է նա նման իր մորը կամ որքանով է տարբեր: Աղջկա պարագայում իդեալ հանդիսանում է հայրը, հատկապես եթե նրանց հարաբերությունները ջերմ են եղել: Մարդկանց միջև սիրո ձևավորման համար հարկավոր է հայացքների ընդհանրություն: Երբեմն էլ հանդիպում ենք ճիշտ հակառակ պատկերին, երբ ջերմություն է ստեղծվում բոլորովին տարբեր մարդկանց միջև: Տղամարդիկ շատ արագ հրապուրվում և շատ արագ էլ հիասթափվում են. սա հատուկ է տղամարդկային էությանը: Տղամարդը հակված է միշտ նորը որոնելու և միշտ թարմ տպավորություններ ստանալու: Սիրո առաջին քայլը արտաքին գրավչությունն է, ընդհանրությունները: Որոշ ժամանակ հետո, երբ առաջին տպավորությունը մի կողմ է մղվում, կարևորվում է կապվածությունը, փոխադարձ հոգատարությունը, հարգանքը, վստահությունը:
Կանայք ավելի ուշ են հրապուրվում, քան տղամարդիկ, սակայն կանանց զգացմունքները միշտ ավելի խորն են: Կան բազմաթիվ հնարներ սերը պահելու որոշակի մակարդակի վրա: Որոշ ժամանակ համատեղ կյանք վարելուց հետո զգացմունքները թուլանում են, սա անխուսափելի է: Տղամարդու կողմից սիրված լինելու համար կինը պետք է խնամված, միշտ նորովի ներկայանա, կինը չպետք է "հասարականա”: Սերը կդադարի այն ժամանակ, երբ երկուսն էլ դառնան չափազանց հասարակ միմյանց համար: Սիրված լինելու համար ամուսինները պետք է միշտ լինեն ուժեղի կերպարում: Մյուս կողմից մարդը իրավունք ունի երբեմն թույլ լինել: Եթե կինը բարոյապես հասուն է, ապա իր ամուսնու ժամանակավոր թուլացումը չի ընկալի որպես թուլություն և նրան չի լքի: Բայց եթե տղամարդը մշտապես է թույլ, կնոջ մեջ կարող է որոշակի խորթություն, հիասթափություն առաջանալ: Կինը տղամարդուն ընկալում է նախևառաջ որպես ուժ: Ի նկատի չունեմ, որ չպետք է անկեղծանալ կնոջ հետ, պատմել խնդիրների մասին…
Պարզապես պետք է միշտ մնալ որոշակի դիրքում կնոջ կողքին: Իսկ կինը, իր հերթին, պետք է լինի անկանխատեսելի, ինքանատիպ, տղամարդը' կայուն, կանխատեսելի, վստահելի և ուժեղ: Տղամարդուն սիրելու համար կինը պետք է իմանա' ինչ կարող է սպասել նրանից: Մեր ավանդական ու բարոյական նկարագիրը, որտեղ հստակ շեշտված է ընտանիքը որպես արժեք, թույլ է տալիս, որ ընտանիքները պահպանվեն նույնիսկ այն դեպքում, երբ սերը մարել է: Եթե ինչ-որ տեղ պարտականությունը չլիներ, ընտանիքները չափազանց արագ կփլուզվեին, ինչպես դա այսօր տեղի է ունենում ներկա ռուսական, եվրոպական ու ամերիկյան հասարակություններում: Ավանդականը պաշտպանում է ընտանիքը փլուզվելուց: Երբեմն շահարկելով ավանդապահություն բառը' հայ կնոջ առաջ անհիմն արգելքներ են դրվում: Դա տղամարդու խորը թերարժեքության արտահայտումն է: Մյուս կողմից, եթե խոսենք կանանց մասին, թերարժեք կինը կյանքը դարձնում է պայմանականություններով ու զանազան ձևականություններով լի: Թերարժեքության պատճառով կինը կփորձի իր ամուսնուն անջատել ընտանիքի մյուս անդամներից: Նման կինը վատ սկեսուրի շատ հավանական թեկնածու է: Սերը սպանող գործոններոից մեկը խորը թերարժեքության զգացումն է: Եթե ուզում եք սիրված լինել, չափի մեջ խանդը նպաստում է: Դա այն հոգեվիճակի արտահայտումն է, երբ դու վախենում ես կորցնել սիրածդ մարդուն: Սա ինչ-որ առումով անհրաժեշտ է: Հիվանդագին խանդը խորթացնում է հարաբերությունները, մղում կողակցին մեկ ուրիշի մոտ":