Քսաներորդ դարում նավթը դարձել է «ամենաքաղաքականացված» ռեսուրսներից մեկը, եթե ոչ ամենից քաղաքականացվածը: Դա բացատրվում է աշխարհում այդ էներգակրի' անընդհատ աճող պահանջարկով և զարգացած արդյունաբերություն ունեցող երկրների կախվածությամբ այդ ռեսուրսից: Մոլորակի գրեթե բոլոր նավթաբեր շրջանները դարձել են քաղաքական լարվածության գոտիներ: Այստեղ առանձնանում է Պարսից ծոցի տարածաշրջանը, որտեղ գտնվում է նավթի ու գազի համաշխարհային պաշարների զգալի մասը:


Անդրադառնալով ծոցի երկրներից Իրանին ու հենց իրանական նավթին, պետք է փաստել, որ Իրանը, ոչ վաղ անցյալում, անցել է մի շարք ներքին և արտաքին փորձությունների միջով. հեղափոխական ցնցումները Իրանում, արտասահմանյան ներդրողների վրա Միացյալ Նահանգների կողմից կիրառվող պատժամիջոցները, Իրան-Իրաքյան պատերազմը, մեկ ապրանքից՝ նավթից, կախվածության հետևանքով եկամուտների կորուստները և երկրի զարգացմանը խոչընդոտող խնդիրները պայմանավորում էին մշակվող քաղաքականության մեջ նավթի գործոնի դերը:


Եթե 1950-ականներին Արևմուտքը միասնական քաղաքականություն էր վարում Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում և կարողացավ նրան պարտադրել ստորացուցիչ պայմաններ, ապա դարավերջին' Իսլամական հեղափոխությունից հետո, պարզվեց, որ Եվրոպան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը համաձայնեցված ու միասնական քաղաքականություն չեն կարող վարել Իրանի նկատմամբ՝ նրան տնտեսական ու քաղաքական պարտադրանքներ թելադրելու համար: Նրանցից ամեն մեկը «նավթային գործում» իր շահերն էր հետապնդում և որոշակի իմաստով ու որոշակի սահմաններում ինքնուրույն, «անհատական կապերի» մեջ մտնում Իրանի հետ:


Նավթը երկակի բնույթ ունեցող ռեսուրս է: Ինչպես ցույց է տվել ժամանակը, այն ոչ միայն ազգային անվտանգության երաշխիք է, այլև արտաքին լուրջ վտանգների աղբյուր: Նրա դերը այնքան նշանակալից է XX դարի Իրանի քաղաքական պատմության մեջ, որ վստահորեն կարելի է ասել' այդ պատմության բոլոր կարևոր շրջադարձերում «նավթային թեման» եղել է առանցքային:


Ուստի, փորձելով դիմագրավել միջազգային մարտահրավերներին ու փորձելով թուլացնել Իրանի կախվածությունը նավթի գործոնից, Իրանը սկսեց քայլեր ձեռնարկել միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ: Այդ միջուկային ծրագրերն իրականում անմիջականորեն կապված են հենց նավթային գործոնի հետ: Խնդիր էր դրված լուծել նաև ազգային անվտանգության տեսակետից կարևոր՝ տնտեսության դիվերսիֆիկացման հարցը:


Բացի այդ, միջուկային նախագծերի իրականացման և տնտեսության բազմազանեցման համընդգրկուն խնդիրները պահանջում են հսկայական ֆինանսական ներդրումներ, որոնք Իրանը կարողանում է ձեռք բերել միայն ու միայն նավթի արտահանման միջոցով: Ինչպես ցույց են տվել (ու հիմա էլ ցույց են տալիս) իրադարձությունները, նավթը Իրանի համար, եղել ու մինչ օրս էլ մնում է այն գլխավոր ապրանքը, որն ապահովում է ինչպես միջուկային, այնպես էլ մի շարք այլ ծրագրերի իրագործումը:


Ամփոփելով վերը նշվածը, վերջում ուղղակի կարելի է փաստել, որ նավթն այն «քաղաքականացված ապրանքն» է, որն ունակ է արագորեն հայտնվելու պետությունների քաղաքական հարաբերությունների օրակարգում և ճակատագրական քաղաքական գործընթացների պատճառ դառնալ ինչպես պետությունների արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ:

 

 

Էրիկ Մելիքյան