Ամեն անգամ, երբ Հայաստանին տրամադրվում է բազմամիլիոնանոց հերթական վարկը, մամուլը գրում է այն մասին, որ սա հերթական գումարն է, որը փոշիանալու է, իսկ դրա տակից պետք է դուրս գան մեր թոռները և ոչ թե այն իշխանությունները, որոնք այդ վարկերը վերցնում են:


Դժվար է ասել, թե ինչու է նման կարծիք ձևավորվել, գուցե եղել են նման նախադեպեր և այլն, բայց այսօր հարկ է գիտակցել երկու հստակ բան. նախ, վարկերը, դրամաշնորհները հենց այնպես չէ, որ տրվում են ու դրանք միտված են բազմաթիվ ծրագրերի իրականացմանը:


Եվ երկրորդ՝ եթե գեթ մեկ անգամ հատկացված գումարով այդ ծրագրերը հաջողությամբ չպսակվեին, ապա Արևմուտքը չէր շարունակի ավելացնել ֆինանսավորումը կամ նորանոր վարկերի տրամադրման տակ Հայաստանի ստորագրությունը ակնկալել:


Զորօրինակ, նախօրեին Ազգային Ժողովում ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հայտարարեց, որ ԵՄ-ն ֆինանսապես աջակցել է ու շարունակելու է աջակցել Հայաստանին քաղաքացիական հասարակության կայացման, զարգացման և այլ բարեփոխումների համար… ընդ որում հենց քաղաքացիական հասարակությունն էլ, որը կայացավ ու զարգացավ այդ վարկերի ու նմանատիպ ֆինանսական օժանդակության հաշվին, ամենից շատն է բարձրաձայնում այդ գումարների փոշիացման մասին…. Թերևս զարմանալի է, եթե չասենք՝ տարօրինակ:


Այս ամենում ամեն մեկն ինքն իր համար պետք է հետևություններ անի՝ լսի նմանատիպ հայտարարությունները, թե ուշադրության կենտրոնում պահի բոլոր այն բարեփոխումները, որ վերջին տարիներին արձանագրվել են Հայաստանում (այո՝ դանդաղ, բայց Մոսկվան էլ, ինչպես ասում են, մեկ օրում չի կառուցվել):


Ի վերջո, փաստերը խոսուն են՝ ով , ինչ ուզում է ասի, տարիների ընթացքում այնքան էլ շատ չեն փոշիացել գումարները, եթե մենք ունենք կայացած քաղաքացիական հասարակություն, հավաքների ազատություն և այլն: Ամեն դեպքում չմոռանալով, որ աշխարհը ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետևանքներն է հաղթահարում, կարելի է ասել, որ մեր թոռները ոչ թե մեր պարտքերն են փակելու, այլ մի քիչ ավելի լավ երկրում են ապրելու: Ամեն դեպքում հույսը վերջինն է մեռնում….

 

 

Տիգրանուհի Դավթյան