Ներողության հայցումը, որը հիմնված է լինելու պահանջի, այն էլ երրորդ կողմի պահանջի վրա, երբևէ չի լինելու սխալի գիտակցված ընդունում: Դա լինելու է պարտադրված քայլ, իհարկե, եթե լինի: Սա նշանակում է, որ քաղաքականությունը չի փոխվելու, չեն լավանալու փոխհարաբերությունները և յուրաքանչյուր ակնթարթի մենք պետք է պատրաստ լինենք հերթական ստորության դիմացինի կողմից: Այս պահին ինձ համար էական չէ որևէ պաշտոնական ներողություն, կամ որևէ հեղինակավոր քաղաքական գործչի կողմից «ցեղասպանություն» եզրույթի բարձրաձայնումը, եթե դրանց չեն հետևելու կոնկրետ քայլեր, թեկուզև փոխհատուցման գործընթացի տեսքով:

 

Խոսքս ամենևին չի վերաբերվում բարոյական վնասի փոխհատուցմանը: 100 ամյա պայքարը սահմանափակել միայն չոր ներողությունով, դա ինձ համար առ ոչինչ է: Չեմ պատկերացնում, որ հրաշք է լինելու, հողերի վերադարձն էլ ֆանտաստիկայի ժանրից եմ համարում, բայց բավական պարզ պատկերացնում եմ դրամական փոխհատուցման պարտադիր պահանջը, որից էլ կսկսվի գործընթացի հաջորդ փուլը' տարածքների վերադարձը: Գուցե այս ամենը այս պահին ուղղակի հարուստ երևակայություն է, բայց ինչ-որ կետից, ինչ-որ բան պետք է սկսել:

 

 

Գարիկ Պետրոսյան