1917-1956 թթ Թուրքիայում հրատարակվում էր «Վագըթ» թերթը (2006-ից վերահրատարակվում է, ներկայումս՝ օրաթերթ), որի հիմնադիր-խմբագիրն էր Ահմեդ Էմին Յալմանը։ 1919-ից թերթն իրենից ներկայացնում էր քեմալականներին սատարող պարբերական, ուր հրապարակվում էին այդ օրերին Թուրքիայի հասարակությանը հուզող պետության մասնատման գործընթացների, հայկական ու քրդական հիմնախնդիրների վերաբերյալ հոդվածներ։ 1919-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ահմեդ Էմին Յալմանը «Վագըթ»-ում անդրադառնալով Հայկական հարցին գրում է, թե «պետք է ընդարձակել Հայաստանի սահմանները» (4-ը օգոստոսի եւ 26-ը օգոստոսի 1919թ, տես նաեւ՝«Ենի Սապահ», 24-ը մարտի, 1948 թ․)։
Հոդվածներից հստակ երեւում է այն խուճապը, որ այդ օրերին տիրում էր Թուրքիայում եւ այն վախը, որ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան կարող են ստեղծել ավելի մեծ Հայաստան, որն իր մեջ բացի Արեւմտյան Հայաստանից կընդգրկի նաեւ Փոքր Հայքն ու Կիլիկիան։ 1919-ին Մեծ Հայաստանի ստեղծումը հարեւան երկրում իրական էր թվում եւ մեծ խուճապ էր առաջացրել։ Իրենք նույնիսկ պատրաստ էին տարածքներ զիջելու հայերին, միայն թե իրենք գծեին հայ-թրքական սահմանները, այլ ոչ թե դաշնակիցները։
Դեռ չկար բոլշեւիկյան աջակցությունն իրենց եղբայր թուրք ազգայնականներին, քանի որ Ռուսաստանում թեժ քաղաքացիական կռիվներ էին ընթանում, իսկ քեմալական շարժումը նոր էր թափ հավաքում։ Հետաքրքիր է իմանալ նաեւ, որ թեեւ Մուստաֆա Քեմալը հայտարարում էր, որ «ազգը ոչ մի թիզ հող չի զիջի Հայաստանին», սակայն նրա գաղափարները սատարող թերթի խմբագիր Ահմեդ Էմինը «Վագըթ»-ի 1919-ի հոկտեմբերի 12-ի համարի մեջ «Թուրքիայի քաղաքականությունը» խորագիրը կրող հոդվածում գրում է, որ «բոլոր հայերը պարփակելու չափ ընդարձակ պետք է լինեն այն հողերը, որոնք պետք է տրվեն Հայաստանին»։ Սա էլ թրքական դիվանագիտության հերթական դրսեւորումներից մեկը։ Ծուղակի մեջ հայտնված մեղրի կարոտ արջը մեղրածոր խոստումներ էր շռայլում իր համար դեռեւս գյավուր հայերին՝ հուսալով, որ պատմության անիվն իրենց ցանկալի հունով պտտվելու դեպքում՝ դժվար չէ թե՛ տրված խոստումները մոռանալ, թե՛ ամբողջ պատմությունը վերաձեւել։
Լուսանկարում՝
Ահմեդ Էմին Յալման
Հայե՛ր, գիտե՞ք, որ