Խութ-Բռնաշենի Մահբուբան (Մահբբանք) գյուղից ոչ հեռու նույնանուն վանքն էր, իսկ նրանից 2-3 կմ հեռավորության վրա՝ Ծովասարի արեւելան փեշին, Մահբբանքի կամ Ամիրի ամրակուռ բերդը։ Վանքի ու բերդի կառուցման մասին սերնդեսերունդ մի հետաքրքիր ավանդազրույց է անցել, որն իր «Սասնա ազգագրությունը» արժեքավոր աշխատության մեջ գրի է առել ազգագրագետ Վարդան Պետոյանը (Երեւան, 1965)։
Ամիրի բերդի տերը Խութի ու Բռնաշենի տանուտերն է եղել՝ Բռնիկ իշխանը, որի անունով էլ Սասնա էդ հատվածը կոչվել է Բռնաշեն։ Ավանդությունն ասում է, որ Թադեոս առաքյալը գալիս է Սասուն՝ քրիստոնեություն քարոզելու։ Ընկերների հետ ճաշելու համար կանգ է առնում Մահբբանք գյուղում։ Դեպի Սեւ սար ճանապարհին ծարավում են։ Առաքյալը գավազանը զարկում է գետնին եւ մի աղբյուրն է բխում, որի հորդառատ ջուրը խմելիս՝ սեւ գույնի ոչխարները եւ հովվի սեւ շունը սպիտակում են։ Հովիվները հրաշքի մասին հայտնում են Բռնիկ իշխանին, որն անմիջապես շտապում է օտարականի մոտ։
Առաքյալը հայտնում է, որ տեղ են փնտրում վանք շինելու համար, իշխանն էլ համաձայնվում է թույլ տալ միայն մի պայմանով, եթե բժշկեն իր միակ որդուն։ Թադեւոս առաքյալն այդ ջրով լողացնում եւ բժշկում է անբուժելի հիվանդությամբ տառապող իշխանորդուն, որից հետո Բռնիկն առաջարկում է, որ վանքի ծախսերն ինքը հոգա, պատերը ոսկուց ու արծաթից կառուցի։ Առաքյալը չի համաձայնվում, ասելով, թե ոսկին ու արծաթը կհափշտակեն, որով եւ վանքը կքանդեն։ Շուտով աղբյուրի մոտ վեր է խոյանում Սուրբ Աղբյուր վանքը կամ՝ Սուրբ Աղբրիկը, իսկ ոսկին ու արծաթը ծախսվում են ամրոցի շինարարության վրա։
Սասունցիները վկայում են, որ Մահբբանք բերդի պատերը միայն հայոց հաղթանակների ականատեսն են եղել։
Հայե՛ր, գիտե՞ք, որ