ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ներկայացուցիչը վերջինիս անունից երեկ Նյու Յորքում կայացած ասուլիսին հայտարարել է, որ Օսմանյան Թուրքիայում 1915 թ.-ին տեղի ունեցած դեպքերը դաժան հանցագործություն են եղել՝ հավելելով, որ Ցեղասպանություն եզրը իրենք պաշտոնապես չեն կարող ընդունել, քանի որ այդ հարցում լուրջ ուսումնասիրության կարիք կա:


Վերոնշյալ անձնավորությունը թեև ի գիտություն է ընդունել առաջին ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի խոսքերը, այդուհանդերձ հրաժարվել է նույնակարծիք լինել դրանց:


Ստացվում է՝ Պան Գի Մունն ինքն իրեն ապտակ է հասցնում՝ հրաժարվելով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:


Նման մոտեցմամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առնվազն նպաստում է Թուրքիայի մերժողական քաղաքականությանը: Ցավալի և նույն ժամանակ անընդունելի է, երբ մարդու իրավունքների պաշտպանության գործին կոչված միջազգային նման խոշոր կառույցի առաջին դեմքը կաշկանդվում է և ազնվություն ցուցաբերելու ու իրերն իրենց անունով կոչելու փոխարեն, ըստ էության, հանդես է գալիս որպես նոր ցեղասպանությունների իրագործման ջատագով, քանզի արդեն իսկ հաստատված և անհերքելի իրականություն է այն, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը չդադապարտելու և համապատասխան վերաբերմունք չդրսևորելու արդյունքում հետագայում ևս իրականացվել են նման եղեռնագործություններ, ավելին. դրանք շարունակվում են նաև մեր օրերում:


Հ.Գ. Հուսանք, որ վաղ թե ուշ Գի Մունը կզղջա իր ներկայիս կարծիքի համար և կընդունի եղելությունը որպես փաստ՝ դատապարտելով 1915թ.-ին թուրքերի կողմից իրականացված հայերի Ցեղասպանությունը:

 

 

Մարատ Ստեփանյան