Չնայած զգային արժույթի արժեզրկումը օգտակար գործոն է արտահանման ավելացման առումով' այն հանգեցնում է նաեւ բազմաթիվ այլ բացասական հետեւանքների, որոնք նույնպես անհնարին է անտեսել։
Վերջին իրադարձությունների ֆոնին՝ կապված ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացման առումով ի հայտ եկած դժվարությունների հետ, անհրաժեշտ է համարվում գնալ ազգային արժույթի արժեզրկման։


Խոսվում է նաեւ կտրուկ արժեզրկման մասին, ինչը բնականաբար անթույլատրելի է։ Հասկանալի է, թե դա ինչպիսի լուրջ ցնցում կարող է լինել ֆինանսական համակարգի համար։ Առավել եւս, որ այն դեռեւս ուշքի չի եկել նախորդ հարվածից։


Որքան էլ ազգային արժույթի թուլացումը նպաստում է արտահանման ակտիվացմանը եւ արտաքին շուկաներում բարձրացնում է տեղական ապրանքների մրցունակությունը, այնուհանդերձ դրա կայուն վարքագիծը նույնքան անհրաժեշտ է ֆինանսական համակարգերի եւ տնտեսության գործունեության համար։
Թերեւս պատահական չէ, որ անցած տարվա վերջին եւ այս տարվա սկզբին ֆինանսական ոլորտում ձեւավորվող սպասումները լուրջ հետեւանք թողեցին տնտեսության վրա։ Մասնավորապես դեռ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի վարկային շուկան վերադառնա նախկին դիրքին։ Ոչ միայն թանկացել է վարկավորումը, այլեւ բարձրացրել է ռիսկայնությունը։ Դրանից տուժում է առաջին հերթին տնտեսության արտադրական հատվածը, որը չի կարողանում գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավել։


Որ ազգային արժույթի արժեզրկումը նպաստավոր ազդեցություն է ունենում տնտեսության արտահանելի հատվածի համար, գաղտնիք չէ։ Անցած տարվա սեպտեմբերին, երբ Կենտրոնական բանկը գնաց դրամի փոխարժեքի ճշգրտման, այդ քայլը պայմանավորեց առաջին հերթին արտահանման խթանման անհրաժեշտությամբ։ Իհարկե, հետագայում դրամի արժեզրկման տեմպը շատ ավելի մեծ եղավ՝ հանգեցնելով ֆինանսական շուկայի բազմաթիվ պարամետրերի խաթարմանը։ Ազգային արժույթի այդպիսի արժեզրկումը բնավ չի կարող ձեռնտու լինել տնտեսությանը։


Բոլորովին այլ է դրամի դանդաղ եւ կանխատեսելի թուլացումը։ Մի բան, ինչն իսկապես անհրաժեշտություն է տնտեսության համար։ Դա թույլ կտա նաեւ ավելի սահուն հաղթահարել սոցիալական խնդիրները, որոնք ուզած, թե չուզած առաջանալու են ազգային արժույթի թուլացման հետեւանքով։ Ընդ որում, խոսքը միայն պարենային եւ ոչ պարենային ապրանքների շուկաներում գների բարձրացման մասին չէ։


Ազգային արժույթի թուլացումը մեծացնում է գնաճային ճնշումը նաեւ հանրային ծառայությունների ոլորտում։ Մասնավորապես դա կարող է ազդել գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի սակագների վրա, որոնց հաշվարկների հիմքում, որպես կարեւոր գործոն, դրված է նաեւ փոխարժեքը։


Պետք է չմոռանալ, որ ազգային արժույթի վարքագիծի հետ փոխկապակցված են նաեւ բազմաթիվ այլ տնտեսական երեւույթներ։ Ուստի չափազանց զգուշավոր պետք է վերաբերել այդ գործիքի միջոցով տնտեսության խթանմանն ուղղված քայլերին։

 

 

Կարեն Մկոյան