Լրանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին: Ուստի սա լավ առիթ է, ևս մեկ անգամ անդրադառնալու այն նախաձեռնություններին ու օրենքի փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել տվյալ ժամանակահատվածում:
Ամենակարևոր փոփոխություններից մեկը սահմանամերձ շրջաններում սահմանված հարկային արտոնություններն են: Վարչապետ նշանակվելուց հետո Հ. Աբրահամյանը մի շարք այցելություններ կատարեց սահմանամերձ բնակավայրեր, ծանոթացավ տեղի խնդիրներին, ինչի արդյունքում էլ սկիզբ դրվեց սահմանամերձ բնակավայրերում ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու վարչապետի նախաձեռնությանը, որի համաձայն, այդ գոտիներում գործող տնտեսվարողներն ազատվեցին որոշ հարկատեսակներից:
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն'
1. 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում սահմանամերձ համայնքներում օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսը կփոխհատուցվի ՀՀ կառավարության կողմից:
2. ՀՀ սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը համապատասխան համայնքի բյուջե կվճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու արտոնությունների կիրառությունը նշանակում է, որ արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի'
• իրացումից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից,
• օտարման գործարքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից,
• իրացումից ստացման ենթակա եկամուտներն ազատվում են շահութահարկից կամ եկամտային հարկից:
Փաստորեն, ըստ նոր օրենքի, արդեն սահմանված բնակավայրերում հիմնված արտադրություններն ազատվում են մի շարք հարկատեսակներից: Իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, իսկ կազմակերպությունն ազատվում է այդ գործունեության արդյունքում վճարելիք շահութահարկից:
Օրենքն, ինչ խոսք, բավականին հետաքրքիր առաջընթաց է կանխատեսում, հատկապես, երբ սահմանամերձ գյուղերի գյուղապետերն ու բնակիչները, մեծ ոգևորությամբ են ընդունել Կառավարության սույն որոշումը:
Գյուղապետերի խոսքերով իրենք վաղուց էին սպասում նման արտոնությունների: Նրանք նշում են նաև, որ իրապես կան ընտանիքներ, որոնց համար խնդիր են սոցիալական վճարները և այսօր, փաստորեն, նրանց հոգսերը թեթևանում են:
Պետք է նկատել նաև, որ բացի սոցիալականից, այդպիսի քայլը նաև բարոյական նշանակություն ունի: Սահմանամերձ գյուղերի բնակիչները զգում են, որ իրենք անտեսված չեն ու իրենց խնդիրներն ուշադրությունից դուրս չեն մնում: Այս ամենը կնպաստի, որպեսզի գյուղացիներն ընտանիքներով կապված կմնան սեփական հողին:
Տնտեսության հետագա զարգացումն ապահովելուց զատ, Կառավարության կողմից ընդունված նոր օրենքը կարող է նպաստել նաև սահմանամերձ գյուղերի անվտանգության ապահովման խնդիրների կարգավորմանը, քանի որ սահմանամերձ գյուղերում հիմնվող ձեռնարկությունները լրացուցիչ խթան կհանդիսանան պաշտպանական ենթակառուցվածքների կառուցման ու անվտանգության այլ միջոցների ձեռնարկման համար:
Հարկ է ավելացնել, որ սահմանապահ համայնքներն իրենց աշխարհագրական դիրքի պատճառով չպետք է զրկված լինեն հավասարաչափ զարգացումից և նպաստավոր տնտեսական դաշտ ունենալու պայմաններից:
Արմեն Հովասափյան