Երևանի 1924 թ․ հատակագծում Ալեքսանդր Թամանյանը Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու մոտ նախատեսում էր կիսաշրջանաձեւ հրապարակ, բայց քաղաքային իշխանությունները որոշում են քանդել եկեղեցին եւ նրա տեղում կառուցել «Մոսկվա» կինոթատրոնի շենքը։

Բազմաթիվ հայ եւ օտար գիտնականներ, այդ թվում Խորհրդային Հայաստանի հուշարձանների պահպանության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Թամանյանն ու գիտական քարտուղար Աշխարհաբեկ Քալանթարը իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, ընկնում են դռնեդուռ՝ փորձելով իշխանություններին հետ պահել 5-6-րդ դարերի եկեղեցին ու նրա որմնանկարները (հնագույնը՝ 5-րդ դարի էր) քանդելուց ու ավերելուց, բայց անարդյունք։

 

 

Թամանյանը գրում է․ «Եկեղեցու որմնանկարները համաշխարհային արվեստի տեսանկյունից ունեն բացառիկ նշանակություն․․․ Հուշարձանն իր բացառիկ մնացորդներով մեծ հեղաշրջում է առաջացնելու արվեստի պատմության մեջ»։

Նկարիչ-վերականգնող Գ․ Չիրիկովը, որմնանկարները մանրամասն ուսումնասիրելուց հետո, գրում է․«Արեւելքի եւ մասնավորապես Հայաստանի ձեռագրերի ու գեղանկարչական նյութի խոր ուսումնասիրումը կհակադրի փոխել եւրոպական գիտական աշխարհում գոյություն ունեցող կարծիքը յուղաներկ կերպի առաջացման ժամանակաշրջանի մասին եւ կարեւոր ճշտում կմտցնի գեղարվեստական գեղանկարչական մշակույթի ուսումնասիրման մեջ։ Նաեւ չեմ կարող չնշել իր տեսակի մեջ բացառիկ, միակ, գրականության մեջ ոչ մի տեղ չհիշատակվող եւ իմ պրակտիկայում ցայսօր չհանդիպած այստեղ գոյություն ունեցող գեղանկարչության էմուլսիոն-լաքային շերտի առկայությունը, արված քարե սվաղված պատին, բարեբախտաբար շատ լավ պահպանված․․․ Շինությունը քանդելու մտքից պետք է մեկընդմիշտ հրաժարվել»։

 

 

Քաղաքային, հանրապետական ու միութենական իշխանությունները մնում են անդրդվելի եւ 1931-ին Սուրբ Պողոս-Պետրոսը քանդում են։ Եկեղեցին քանդելիս որմնանկարների մի մասը հանում ու փոխադրում են տարբեր թանգարաններ։ Այսօր դրանք պահպանվում են Երևանի պետական պատկերասրահում եւ Հայաստանի պատմության թանգարանում։ Կինոթատրոնի հիմքերը քանդելու ժամանակ հայտնաբերվում են հնագիտական եզակի ու անկրկնելի գտածոներ, խճանկարի մնացորդներ․․․ Այդ ամենը նույնպես ոչնչացվում է։ Անդառնալի կորուստների գնով Երեւանը կառուցվում ու ընդարձակվում էր։

Ի դեպ, 1920-30-ական թթ․ միայն Խորհրդային Հայաստանում ոչնչացվեցին շուրջ 800 վանք ու եկեղեցի։ Հարեւան Թուրքիայում արդեն խոնարհվել էին հայոց աղոթատներից 2350-ը։