Քիմի այցը շատերին անհարմար վիճակում դրեց, շատերին ստիպեց ուշքի գալ ինքնասրբացման թմբիրից ու խորհել, թե ինչ չանեն, որ դառնան Աստղ, ու արժանանան մեծ ժողովրդականության...
Շարադրեմ նվաստիս կարծիքը'
1. Չայլանդակվել այնքան, որ նայողը սեռիդ հարցում տարակուսանքից խելագարվի.
2. Լինել ինքնատիպ, այլ ոչ թե օրը մեկին ընդօրինակել ու կորել բազմազանության մեջ.
3. Ղեկավար քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավների ժամանակ քծնախառն ու մուրացիկ ելույթներ չունենալ, չխրխնջալ' հօգուտ թաղային շինծու հեղինակությունների...
4. Արվեստում չկայանալուց հետո սուս փուս հեռանալ, այլ ոչ թե զրոյական օգտակար գործողության գործակցով խցկվել ու ծանրաբեռնել պետական ապարատի հաստիքացուցակը.
5. Նվաճումներից չկուրանաս ու ամեն անլվա առիթով եթերում տռճիկ չտաս ու քո կարծիքն' իբրև բացարձակ ճշմարտություն, չպարտադրես ունկնդրին.
6. Ժյուրիի կազմում միջնորդով խցկվելու դեպքում տիրապետես լեզվիդ շարժն ու մարմնիդ մյուս հատվածների նպատակային գործածությունը.
7. Հիշես Արիստոտելի միտքը, որ "մարդը հասարակությունից դուրս կամ անսուն է, կամ Աստված"... հետևաբար լինես, մնաս ու ընկալվես որպես հասարակության մի մասնիկ, այլ ոչ թե ինքնախաբեության հետ գրկախառնված, ինքզինքդ երևակայես իբրև ամենա...........ամենան...
Այսքանը մինիմումն է... մնացածը թող շարունակեն ուրիշները...
Գևորգ Պետրոսյան